Բանակցություններում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության, լուրջ առաջընթացն անհնար է. Կարեն Միրզոյան

10:53 • 30.06.16

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին խոսելով լրագրողների հետ ասել է, որ բանակցային գործընթացում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության անհնար է լուրջ առաջընթաց գրանցել։

«Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։  Ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջը, այլ օբյեկտիվ իրականություն։ Այսօր առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել»,– ասել է նա։

ԼՂՀ արտգործնախարարը նաև նշել է, որ այդ տեսակետը ԵԱՀԿ–ի համար նորություն չէ, քանի որ ԼՂՀ այդ մասին բազմիցս է հայտարարել։ Կարեն Միրզոյանը նաև նշել է, որ խոսվել է այն մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, անկախ հանգամանքից, թե ստատուս քվոն պահպանվում է, թե ոչ, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքներ, որոնք պետք է բավարարվեն։

«Եվ ԵԱՀԿ–ն՝ որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նա նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,– ասել է նա՝ ավելացնելով, որ խոսքն այն մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները։