Լոնդոնի նախկին քաղաքապետը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարից
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է մասնակցել Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար՝ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարից: Այդ հայտարարությունը սենսացիա է դարձել և ցնցել է Ջոնսոնի աջակիցներին, քանի որ նա մրցավազքի ֆավորիտներից մեկն էր, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ առաջնորդի պաշտոնին իր թեկնածությունն է անսպասելիորեն առաջադրել արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, ով մինչ այժմ աջակցում էր Ջոնսոնին:
Ընտրություններին մասնակցությունից Ջոնսոնի հրաժարվելուց հետո ֆավորիտ է մնում ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ընթացքում բրիտանացիների 51,9 տոկոսը քվեարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, ինչից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է իր հրաժարականի մասին:










