Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ոչ թե կարելի է, այլ պետք է. Զախարովա

13:13 • 30.06.16

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, գրում է gazeta.ru-ն:

 

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել «ոչ թե կարելի է, այլ պետք է»:

 

«Մենք բոլորս լսել ենք՝ ինչ հրահանգներ են երեկ հնչել Ռուսաստանի նախագահից այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո մենք բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը. հարաբերությունների զարգացումը տեղի կունենա, հարաբերություններ կլինեն, թուրք ժողովրդին մենք որպես բարեկամական ժողովուրդ ենք դիտարկում»,- ասել է նա:

 

Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային էր հասկացնել նման գործողությունների անընդունելիության մասին:

  

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին։ 

 

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրների նախագահները վճռականություն են հայտնել վերականգնել երկու երկրների միջև փոխհարաբերությունները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

 

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: