ԱՄՆ-ն Իրաքում ոչնչացրել է ԻՊ-ի ավելի քան 250 գրոհայինի

04:07 • 30.06.16

Իրաքի արևմուտքում գտնվող Էլ-Ֆալլուջ քաղաքի մոտ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» ավելի քան 250 գրոհային, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի իշխանության ներկայացուցչին։

Ըստ նախնական գնահատականի՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է նաև ամենաքիչը 40 տրանսպորտային միջոց, որոնք պատկանել են ԻՊ-ին։ Ինչպես նշել է աղբյուրը, հստակ գնահատականից հետո այդ տվյալները կարող են փոխվել։

Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կարևոր է երկրի իշխանությունների համար, քանի որ այն շատ մոտ է Բաղդադին։ ԻՊ-ի գրոհայինները օգտագործել են Էլ-Ֆալուջան որպես մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող պլացդարմ՝ իրենց հերթական հարձակումների համար։ Կիրակի Իրաքի իշխանությունները հայտարարել էին քաղաքի լիակատար ազատագրման մասին։