Ջրհեղեղից 10 օր անց արթիկցի պապի քարուքանդ եղած տան հիմքը դեռ ջրի մեջ է (տեսանյութ)

19:23 • 04.07.16

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավի պատճառով քարուքանդ եղած տների բնակիչները դժգոհում են Կառավարության փոխհատուցած գումարի չափից։ Նրանցից մեկն էլ Լևիկ Մողրովյանն է։ Նրա տան հիմքը ջրհեղեղից 10 օր անց էլ դեռ ջրի մեջ է։

«Վարչապետն անձամբ հենց իմ դուռը կանգնած ասաց՝ մեծ մարդ ես, մի մտածի, ես կկարգադրեմ` քո տնից լավ տուն գտնի քաղաքապետը։ Մինչև էսօր ձեն-ձուն չկա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի տուժած բնակիչը՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները պատշաճ չեն կատարում վարչապետի հանձնարականը։

Նա հրաժարվել է կառավարության հատկացրած 1 միլիոն 950 հազար դրամը ստանալ, քանի որ կրած վնասի դիմաց շատ քիչ գումար է։ Ըստ տուժած բնակչի՝ ոչ ոք չի եկել, վնասի չափ չի ճշտել, չափագրում չի արել, հետևաբար՝ հայտնի էլ չէ, թե ոնց են որոշել գումարի չափը։

«Ես ոչ մի մարդու կյանքում վատություն չեմ արել։ Չգիտեմ, թե ինչո՞ւ Աստված էս իմ դեմը բերեց։ Երանի չէր մեռնեի, չտեսնեի»,- նեղսրտած նշեց Լևիկ Մողրովյանը։

Այս դժվար պահին տան տիրոջ որդին ու հարսը տանը չեն։ Ֆինանսական վատ վիճակից դուրս գալու համար այս տարի առաջին անգամ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի է մեկնել որդին։ Հարսն էլ հիվանդ որդուն է տարել բուժման։

Լևիկ պապը բարկացած նշում է՝ եթե երիտասարդ լիներ, չէր էլ նայի, թե պետությունն ինչքան կփոխհատուցեր, ինքնուրույն կրկին տուն կշիներ։ Ցավ է զգում միայն նրանից, որ քաղաքային իշխանությունները վարչապետի հանձնարարականը չեն իրականացնում։ Նրա խոսքով՝ վնասի փոխհատուցման չափը միանշանակ պետք է վերանայվի, այլապես ինքն այդպես էլ չի վերցնի հատկացված գումարը։

Մանրամասները՝ տեսանյութում։