Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ
Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարներն անդրադարձել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։










