Նոր կանոնակարգով Աժ ընդդիմությանը տրվող լծակները բազմաթիվ են. Հովհաննես Սահակյան

21:44 • 04.07.16

Սահմանադրության փոփոխությունից հետո մինչև աշուն խորհրդարանը կունենա գործունեության նոր կանոնակարգ, քանի որ խորհրդարանական կառավարման անցումից հետո մի շարք փոփոխություններ են կատարվել ԱԺ գործառույթներում:

Այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն աշխատում է նոր կանոնակարգի վրա, որը պետք է անցնի քաղաքական ուժերի քննարկումներով ու աշնանը ներկայացվի ԱԺ քննարկմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Առաջին նորությունը պատգամավորների համար այն է, որ նրանք սկսելու են ավելի երկար աշխատել. ավելացվելու են աշխատաժամերը:

Մեր հարցին, թե արդյոք ԱԺ կանոնակարգի փոփոխություններով չաշխատող պատգամավորները կսկսե՞ն աշխատել և օրենքներ գրել, Հովհաննես Սահակյանն ասաց. «Պետք է ճշտենք՝ աշխատող և չաշխատող պատգամավորներն ովքեր են: Կանոնակարգ օրենքը նրա համար չէ, որ տարբերի աշխատող կամ չաշխատող պատգամավորներին: Կանոնակարգ օրենքը կարգավորում է ԱԺ աշխատանքները»:

Հարցին, թե ի՞նչ է արվելու, որ պատգամավորները չբացակայեն, կամ եթե մասնակցում են նիստին, զբաղվեն օրենսդիր աշխատանքով, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում օրենսդիր աշխատանքով զբաղվել, դուրս մնան խորհրդարանից, կանոնակարգի հեղինակն ասաց. «Նոր կանոնակարգով պատգամավորների բացակայությունների հարցը վերապահված է խորհրդին: Խորհուրդն է որոշելու՝ բացակայությունը հարգելի է, թե հարգելի չէ: Պատգամավորներն իրենք են որոշում՝ մասնակցո՞ւմ են օրենսդիր աշխատանքին, թե չէ: Եթե հանրությունը գոհ չէ չաշխատող պատգամավորներից, պետք է իրենք իրենց վերաբերմունքով արտահայտեն՝ կողմ կամ դեմ: Այլ մեխանիզմ կարծես թե չկա»:

Մեր դիտարկմանը, թե ասել է թե անգամ նոր Սահմանադրությամբ ու նոր կանոնակարգով «կոճակ սեղմողների» ինստիտուտը չի՞ վերանա ԱԺ-ից Սահակյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա մեր գործընկերների մասին խոսեինք որպես կոճակ սեղմող կամ չսեղմող, որևէ մի երկրում նման խնդիրները հստակ կանոնակարգված չեն: Միգուցե տոկոսային առումով այլ է, բայց բոլոր պառլամենտներում էլ կան օրենսդիր գործունեությամբ զբաղվող պատգամավորներ, քաղաքական գործունեությամբ զբաղվողներ, և որևէ մի պառլամենտում դա հստակ կանոնակարգված չի»:   

Ստացվում է՝ կոճակ սեղմողների դեմ որևէ միջոց չկա՞։ Այս հարցին ի պատասխան ՀՀԿ-ականն ասաց. «Կանոնակարգ օրենքը ավելի կարևոր հարցադրումներ և խնդիրներ է կարգավորում, որը կբերի նրան, որ ԱԺ դերն էլ ավելի բարձրանա, որ Ձեր նշած կոճակ սեղմողները կամ չսեղմողները ԱԺ-ում ունենան որոշակի դերակատարում: Լինելու է պրոֆեսիոնալ ԱԺ»:

Ըստ Սահակյանի, քանի որ նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման, այս կանոնակարգն ունենալու  է մի քանի առանձնահատկություններ. «ԱԺ վերահսկողական ֆունկցիաները պետք է ավելի հստակ լինեն և գործունակ: ԱԺ վերահսկողական գործունեությունն ընդլայնվում է՝ հարցապնդումներով դիմելը, քննիչ հանձնաժողովի ստեղծելը, ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունը: Սրանք բոլորը վերահսկողական ֆունկցիաների գործառույթն ապահովող ֆունկցիաներ են, որը պետք է ԱԺ կանոնակարգ օրենքը կարգավորի, քանի որ ԱԺ-ին է վերապահված նախագահի ու վարչապետի ընտրությունը»:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ խորհրդարանում ընդդիմության լծակները պետք է ավելանան: Մեր հարցին, թե ԱԺ կանոնակարգում ի՞նչ է փոխվելու դրա հետ կապված, ՀՀԿ-ականն ասաց. «Ընդդիմությանը տրվող լծակները բազմաթիվ են: Քննիչ հանձնաժողովների ստեղծումը ենթադրում է, որ յուրաքանչյուր հարց, որը հասարակության մեջ հետաքրքրություն է ներկայացնում, կարող է ԱԺ-ում քննարկման առաջիկա դառնալ քննիչ հանձնաժողով ձևավորելու միջոցով: Պատգամավորների ¼-ի քվեարկությամբ դա կարող է ստեղծվել և քննարկման առարկա դառնալ: Կարծում եմ՝ այդպիսով բազմաթիվ խնդիրներ լուծում կստանան: Լծակ է նաև կառավարության անդամներին այս կամ այն հարցի հետ կապված գրավոր անվստահություն հայտնելը կամ կառավարության անդամին անվստահության հարցը բարձրացնելը»: