Թոնի Բլեերին կարող են պատասխանատվության ենթարկել իրաքյան պատերազմի պատճառով
Բրիտանացի օրենսդիրները մտադիր են պատասխանատվության ենթարկել Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերին՝ իրաքյան պատերազմում երկրի մասնակցության պատճառների հետաքննության շրջանակում:
Ինչպես նշում է The Guardian-ը, 2003թ. ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների Իրաք ներխուժման հարցում Մեծ Բրիտանիայի մասնակցության ու Բլեերի ունեցած դերակատարման վերաբերյալ քննչական հանձնաժողովի համապատասխան զեկույցը հրապարակվելու է հուլիսի 6-ին:
Դրանից հետո բրիտանացի օրենսդիրները, որոնց թվում են լեյբորիստներն ու շոտլանդացի ազգայնականները, փորձելու են նախկին վարչապետին պատասխանատվության ենթարկել:
«Պատճառն այն է, որ Իրաքում զինված հակամարտության ժամանակ զոհվել է 179 բրիտանացի զինվոր, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 150.000-ի: Աշխարհը բախվել էր իրական ահաբեկչական սպառնալիքի»,-ասել է պատգամավոր Ալեքս Սալմոնդը:
Նրա կարծիքով՝ Բլեերը պետք է պատասխան տա Մեծ Բրիտանիան «սարսափելի հետևանքներով ապօրինի պատերազմի մեջ ներքաշելու համար»:
Որպես պատիժ Բլեերին կարող է ցմահ արգելվել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Տեսականորեն նրան կարող են ազատազրկել, սակայն օրենսդիրները հայտարարել են, որ այս ամենն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, և Բլեերին դժվար ազատազրկեն:
Բլեերը հրաժարվել է մեկնաբանել տվյալ զարգացումները:










