ՆԱՍԱ-ի Juno արբանյակը բարեհաջող դուրս է եկել Յուպիտերի ուղեծրի վրա (տեսանյութ)

09:58 • 05.07.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Juno արբանյակը, ավարտելով իր 5-ամյա ուղևորությունն ու անցնելով մոտ 2.7 մլն կմ հեռավորություն, բարեհաջող դուրս է եկել Յուպիտերի ուղեծրի վրա:



Ինչպես հայտնում է The Verge-ը, սարքը գտնվում է գազային հսկայի հյուսիսային բևեռի մոտ: Աղբյուրը մանրամասնում է, որ Juno-ն պատմության մեջ առաջին արբանյակն է, որին հաջողվել է նման կարճ հեռավորության վրա գտնվել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակից:


Այս կապակցությամբ ՆԱՍԱ-ն մամուլի ասուլիս է կազմակերպել, որի շրջանակում Junօ-ի ստեղծողներից մեկը` Սքոթ Բոլթոնը, պատմել է, որ Յուպիտերի ուղեծրին մոտենալուց հետո արբանյակի շարժիչն այնքան է դանդաղեցրել արագությունը, որ մոլորակի ձգողականության ուժը կարողանա Juno-ին քաշել-գցել ուղեծրի վրա:

Բոլթոնը մանրամասնել է, որ Juno-ն իր առաքելությունն իրագործել է անթերի` թույլ չտալով որևէ ձախողում կամ թերացում: Նա նաև նշել է, որ արբանյակի` Յուպիտերի ուղեծրի վրա բարեհաջող դուրս գալու մասին ՆԱՍԱ-ն տեղեկացել է 48 րոպե ուշացմամբ, քանի որ ազդակները Երկրից Յուպիտեր և հակառակ ուղղությամբ տեղ են հասնում 48 րոպեում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գերժամանակակից զգայակներով, տեսախցիկներով ու այլ տեխնոլոգիական լուծումներով հագեցած արբանյակի նպատակն է ուսումնասիրել գազային հսկայի մթնոլորտն ու գիտնականների համար կարևոր տեղեկություններ հավաքել դրա կառուցվածքի, հզոր մագնիսական դաշտի մասին:

 

 

 

ՆԱՍԱ-ի Juno արբանյակը բարեհաջող դուրս է եկել Յուպիտերի ուղեծրի վրա (տեսանյութ)