WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո. CNN
WikiLeaks կազմակերպության իրազեկիչ Բրեդլի Մենինգը, ով ազատազրկված է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի աղբյուրների տեղեկություններով՝ Մենինգն ինքնասպանության փորձից հետո տեղափոխվել է ռազմական Ֆորտ-Լիվենուորթ բանտի մոտակայքում գտնվող հիվանդանոց:
ԱՄՆ զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Պատրիկ Սիբերը հաստատել է, որ կալանավորը հոսպիտալացվել է հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ինչից հետո կրկին վերադարձվել է քրեակատարողական հաստատություն:
Սիբերը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ պատճառով է հոսպիտալացվել Մենինգը: Գնդապետի խոսքով՝ պաշտոնատար անձինք «շարունակում են հետևել կալանավորի վիճակին»:
Մենինգի փաստաբաններն իրենց հերթին հայտարարել են, որ բանտի ղեկավարությունը դեռ հրաժարվում է տեղեկություն տրամադրել իրենց պաշտպանյալի առողջական վիճակի մասին:










