ԵՄ-ՀՀ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են. Գերմանիայի դեսպան

20:37 • 07.07.16

Կարծում եմ, որ հիմա Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները ճիշտ ճանապարհի վրա են: Մենք նոր շրջանակային պայմանագրի շուրջ ենք բանակցում, որի կարևոր մասը լինելու են առևտուրն ու ներդրումները. այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի և դիվանագիտական ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպված՝ «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում։

-Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա այս բիզնես ֆորումի մասին. ի՞նչ համագործակցություն եք տեսնում, օրինակ՝ հայ և գերմանական ընկերությունների միջև:

-Ես կարծում եմ, որ այս միջոցառումը շատ կարևոր է: Ինչո՞ւ, որովհետև որոշ մտահոգություններ կան տարբեր երկրների առևտրի պալատների կողմից, Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից, բիզնես ընկերությունների կողմից, որոնք ցանկանում են ներդրումներ անել այս երկրում: Սա ցույց է տալիս, որ մյուս կողմը՝ կառավարությունը, շատ լուրջ է ընկալում այս հարցը: Ինչպես Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասաց՝ սա մեծ ազդանշան է և նշանակալի է, որ անձամբ վարչապետն այսօր եկավ ֆորումին մասնակցելու և ցույց տվեց իր հետաքրքրվածությունը տնտեսական ոլորտում: Նա նաև ցույց տվեց, որ ցանկանում է ծանոթանալ այն համայնքի մտահոգություններին, որը պատրաստվում է ներդրումներ անել այստեղ:

Այստեղի ներկայացումներից մեկում խոսվում էր խնդիրների մասին, որոնք մենք բաց քննարկում ենք կառավարության հետ: Լավ նշան էր նաև, որ էկոնոմիկայի նախարարն էլ էր այստեղ և թվում է, որ նա նոր դինամիկա կհաղորդի օտարերկրյա ներդրումներին Հայաստանում:

-Ի՞նչ զարգացումներ եք տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում. մենք նախկինում խնդիրներ ունեցանք այստեղ:

-Ես կարծում եմ, որ հիմա Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները ճիշտ ճանապարհի վրա են: Մենք նոր շրջանակային պայմանագրի շուրջ ենք բանակցում, որի կարևոր մասը լինելու են առևտուրն ու ներդրումները: Սա նորից ցույց է տալիս, որ կառավարությունը հետաքրքրված է Եվրամիության հետ եղած հարաբերություններով: Մյուս կողմից՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Բայց սա նաև ցույց է տալիս, որ կարող եք դրանք համախմբել.  սա չի նշանակում՝ կամ սա, կամ սա, այլ մենք աշխատում ենք, որ երկուսն էլ հնարավոր լինի: 

-Պարո՛ն դեսպան, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո մինչ այժմ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սպառնալիքներ են ստանում թուրքական համայնքի կողմից: 

-Այո, Գերմանիայի խորհրդարանականները սպառնալիքներ են ստանում: Սա անընդունելի է: Գերմանիայի Բունդեսթագի նախագահը միանգամայն պարզ արտահայտվեց. «Անընդունելի է, որ Գերմանիայի խորհրդարանից որևէ մեկը սպառնալիքների է ենթարկվում իր քվեարկության համար»: