Սոցփաթեթի «հանգստի բաղադրիչի» մասով վերջնական որոշում կկայացվի ուսումնասիրություններից հետո. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ սոցիալական փաթեթում հանգստի բաղադրիչի ժամանակավոր կասեցմանը:
Նա պարզաբանեց, որ դեռևս խոսքը չի գնում հանգստի բաղադրիչը հանելու մասին, այլ, ինչպես վարչապետը նշեց, խոսքը կասեցնելու մասին է՝ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակներում:
«Սակայն վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրությունը առաջիկայում կավարտվի և բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում կայացնելու հարցը»,-ասաց նա:
Նա նշեց, որ քանի դեռ վերջնական որոշում չկա, վաղ է եզրակացություններ անել, թե ինչպիսին կլինի լուծումները:
«Ես կարծում եմ, որ լուծումները կլինեն շատ օբյեկտիվ, ճիշտ, ելնելով իրավիճակից՝ նաև հաշվի առնելով, որ կան շատ պարտաճանաչ օգտվողներ, և այդ ռեսուրսները, միջոցները, որոնք որ հատկացված են սոցիալական փաթեթում, իրենց նպատակին պետք է ծառայեն»,-ասաց նա և կրկին նշեց, որ կասեցումը այս տարվան չի վերաբերում, այլ պարզապես 2017-2019 թթ-ի միջնաժամկետ ծախսերի շրջանակներում այդ մասով ծախս նախատեսված չէ:
Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ պետական բյուջեում սոցիալական փաթեթի հետ կապված նախատեսված միջոցները կազմում են մոտ 10 միլիարդ դրամ. «Ուսումնասիրություններ են իրականացվում, ընդհանրապես խոսքը գնում է հանգստի հետ կապված գործընթացներում չարաշահումների մասին այն առումով, որ շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կան»:
Ինչ վերաբերում է պատժվողներին, ապա նախարարն ասաց, որ պատժվողներ լինում են այն ժամանակ, երբ որ ամբողջ գործընթացն ավարտած է լինում:
«Բնականաբար վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք»,-ասաց նա և նշեց, որ եթե չի սխալվում, ապա սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվողների քանակը շուրջ հարյուր հազար է:










