Բելգիայում տուգանել են տարեցների կաթոլիկ տանը` էվթանազիայից հրաժարվելու համար
Բելգիական Դիստ քաղաքում տարեցների կաթոլիկ տունը պետք է 6.000 եվրո տուգանք վճարի: Պատճառն այն է, որ հաստատության աշխատակիցները հրաժարվել են մահացու ներարկում անել 74-ամյա կնոջը, ով տառապում է թոքերի քաղցկեղով: Այս մասին ասվում է բրիտանական The Catholic Herald թերթում:
Բողոքը ներկայացրել են հարազատները, ովքեր մեղադրել են բժիշկներին կնոջը ֆիզիկական և հոգևոր տառապանքներ պատճառելու համար: Դատարանը նրանց կողմից է:
Համաձայն Բելգիայի օրենսդրության՝ էվթանազիայի իրավունքը կարող են մերժել միայն անհատ բժիշկներ, այլ ոչ թե հաստատություններ` լինեն դա կլինիկաներ, թե տարեցների տներ:
Վերջին տարիներին Բելգիայում կրկնապատկվել է այն մարդկանց թիվը, ովքեր հեռանում են կյանքից էվթանազիայի օգնությամբ: Այս երկրում այն օրինականացվել է 2003-ին:










