«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է աչքերը՝ բողոքելով իր դեմ հարուցված քրգործից
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի: Tert.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Քրեակատարողական վարչությունից։
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ աչքերը կարած կալանավորը այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, հոգեբանները աշխատում են նրա հետ:
Կալանավորը աչքերը կարել է երեկ ցերեկը: Գոռ Ղլեչյանն ասաց, որ կալանավորը այդպիսով բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից, որով դեռ վճիռ չկա, գործը դեռ քննվում է դատարանում: Ճշտեցինք, որ բողոքող կալանավորի դեմ քրգործ է հարուցվել խարդախության մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով:
Tert.am-ին ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:
Մեր դիտարկմանը, թե վերջին շրջանում շատացել են ՔԿՀ-ներում բողոքի նման ակցիաները, ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետն ասաց. «Բավական չեն շատացել, ոնց եղել են, նույն ձև մնում է, նախկինում ուղղակի չէր լուսաբանվում»:
Մեր հարցին, թե ինչպես է ասեղը հայտնվել կալանավորի մոտ, Ղլեչյանը պատասխանեց, թե «թել-ասեղը արգելված չէ, կարող են ունենալ»:










