Կիմ Չեն Ընը հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

10:10 • 07.07.16

Միացյալ Նահանգների իշխանությունները Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին ներառել են պատժամիջոցների կիրառման «սև ցուցակում»` նշելով, որ վերջինս մեղավոր է երկրում մարդու իրավունքների համընդհանուր ոտնահարման համար:



Ինչպես նշում է The Guardian-ը, հյուսիսկորեացի բռնապետն առաջին անգամ է ներառվում ԱՄՆ-ի կազմած «սև ցուցակում»: Նրանից զատ՝ ներառվել է ևս 10 հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր մեղադրվում են մարդկանց իրավունքների ոտնահարման, սպանություևների, բռնի ուժով աշխատանքների իրականացման ու մարդկանց կտտանքների ենթարկելու համար:



ԱՄՆ-ի իշխանությունները նաև նշել են, որ Հյուսիսային Կորեայի բռնատիրական ռեժիմն անթույլատրելիության հասնող խստությամբ վերահսկում է մեդիան և մշակույթին առնչվող ոլորտները:

«Կիմ Չեն Ընի օրոք Հյուսիսային Կորեան շարունակում է անթույլատրելի դաժանություն ցուցաբերել միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ` իրականացնելով արտադատարանային սպանություններ, բռնի աշխատանք ու կտտանքներ»,-նշել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ադամ Սզուբինը:



Նա նաև հավելել է, որ ներկայում 80.000-120.000 մարդ է պահվում Հյուսիսային Կորեայի բանտերում ու աշխատանքային ճամբարներում, որտեղ տանջանքը, մահապատիժը, սեռական ոտնձգությունները, սովամահությունն ու բռնի աշխատանքը սովորական երևույթներ են: