Մոսկվան անում է ամեն բան Անկարայի հետ հարաբերությունների օպերատիվ վերականգնման համար. Զախարովա
Մոսկվան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն Անկարայի հետ հարաբերությունների առավելագույնս արագ վերականգնման համար: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:
«Մենք խոսել ենք այն մասին, որ չենք դադարեցնում մարդկանց, ժողովրդի հետ կապերը, մենք չենք դադարեցնում տնտեսական կապերը, չնայած հիանալի գիտակցում էինք, որ քաղաքական սառեցումն անմիջականորեն ազդելու է տնտեսության վրա: Դուք գիտեք ձեռնարկված քայլերի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Զախարովայի խոսքով՝ Անկարան պետք է «դա ավելի շուտ աներ»:
«Բայց կրկին կրկնեմ՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Մենք ընդունել ենք այդ ներողությունը: Մենք օպերատիվ և առավելագույն կերպով արել ենք ամեն ինչ, որպեսզի հարաբերությունները սկսեն վերականգնվել»,- նշել է դիվանագետը:
Ըստ նրա՝ հարաբերությունների կարգավորումն օրակարգից չի հանում այն խնդրահարույց հարցերը, որոնք կան: «Եթե ահաբեկիչները, որոնց մենք հետևում ենք, գտնվում են Թուրքիայի տարածքում, մենք նույնկերպ կշարունակենք նրանց հետապնդել, կփորձենք հասնել նրանց արտահանձնմանը»,- հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Դրան հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը։










