Պուտինն ԱԴԾ-ին 2 շաբաթ է տվել համացանցում տեղեկատվության ապակոդավորման միջոց գտնելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին «Յարովայայի փաթեթի» ստորագրումից հետո հրահանգել է Անվտանգության դաշնային ծառայությանը երկու շաբաթվա ընթացքում գտնել համացանցում կոդավորման բանալիների փոխանցման միջոցը: Դրա պատասխանատու է նշանակվել Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է meduza.io-ն:
«Յարովայայի փաթեթը» պահանջում է «տեղեկատվության տարածման բոլոր կազմակերպիչներից» Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել տեղեկատվություն, որը թույլ կտա «ապակոդավորել» ամեն ինչ, ինչ կպահանջվի:
Թե ինչ է դա նշանակում, հայտնի չէ, գրում է կայքը, քանի որ համացանցում կոդավորվում է ողջ տեղեկատվությունը, և մի շարք դեպքերում կոդավորման բանալիները պարզապես հնարավոր չէ ոչ մեկին փոխանցել:
«Յարովայայի փաթեթն» օրենքների շարք է, որոնք ներկայացվում են որպես հակաահաբեկչական օրենքներ: Դրանք ներկայացրել է պատգամավոր Իրինա Յարովայան:










