Սիրիայում մարտի ժամանակ ԱՄՆ օդուժը լքել է իր դաշնակիցներին. The Washington Post

12:53 • 07.07.16

Սիրիայում մարտի ամենաթեժ պահին ԱՄՆ ռազմաօդային ուժերը թողել են իրենց դաշնակիցներին, ինչը դարձել է գործողությունների ձախողման պատճառ, գրում է The Washington Post-ը։

 

Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները՝ հունիսի 28-ին ամերիկացի օդաչուները ստացել են Սիրիայի արևելքում գտնվող Աբու-Քեմալ քաղաքի վրա սիրիական ընդդիմադիր ուժերի հարձակմանն աջակցելու առաջադրանք։ Գործողության ընթացքում, սակայն, օդաչուները ստացել են տարածքը լքելու և հարևան Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի ծայրամաս ուղևորվելու հրաման։

 

Պենտագոնի ներկայացուցիչ Քրիս Գարվերի խոսքով՝ ղեկավարությունն ավելի կարևոր է համարել «Իսլամական պետության» գրոհայինների շարասյունը վերացնելը, ինչը և արվել է՝  շարասյան հետ ոչնչացնելով նաև Էլ-Ֆալուջայից բերված զինամթերքը։ Գործողության ընթացքում մահացել են հարյուրավոր իսլամիստներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Աբու-Քեմալի մոտակայքում Սիրիական ազատ բանակի մարտիկները ստիպված են եղել նահանջել։ «Նոր սիրիական բանակի» հրամանատար Մուհամեդ Թալաան հաստատել է տեղեկությունները, որոնց համաձայն ամերիկյան ինքնաթիռներն անհետացել են մարտի ընթացքում։ Նրա խոսքով՝ սիրիացիները չեն իմացել, որ մնացել են առանց օդից աջակցության։