Կրակոցներից հետո Դալասի բնակիչներին խնդրում են հեռու մնալ քաղաքի կենտրոնից
Ամերիկյան Դալաս քաղաքի ոստիկանությունը խնդրել է բնակիչներին չգնալ քաղաքի կենտրոն, որտեղ լույս ուրբաթ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ է մահացել, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քաղաքում անցկացված ցույցերի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղի ոստիկանական վարչությանը, հայտնել են, որ վնասվածք է ստացել 12 մարդ՝ 11 ոստիկան և 1 քաղաքացիական անձ, իսկ սպանվածների թվում չորսը ոստիկան են, մեկը՝ Դալասի տրանսպորտային վարչության աշխատակից:
Ոստիկանները հայտնել են, որ արդեն ձերբակալել են երեք կասկածյալի, ներառյալ՝ կնոջ:
«Մենք խնդրում ենք քաղաքի բնակիչներին հեռու մնալ դեպքի վայրից»,- ասել է քաղաքի ոստիկանապետ Դեյվիդ Բրաունը:
Ոստիկանությունում պարզաբանել են, որ քաղաքում մասշտաբային գործողություն է իրականացվում ենթադրյալ հանցագործին բռնելու համար:
Ավելի վաղ կասկածյալներից մեկը հայտարարել է ոստիկաններին, որ «քաղաքում ամենուր ռումբեր է տեղադրել»: Ոստիկանները հայտնել են, որ կրակոցների հատվածում կասկածելի առարկա են հայտնաբերել, որը հետազոտվել է և վնասազերծվել:










