Ավետիսյանների գործը քննող դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. դատապաշտպան
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը քննող դատավոր Հարություն Մովսեսյանի նկատմամբ տուժողի իրավահաջորդների պաշպանի կողմից ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել է Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այն պատճառաբանությամբ, որ դատարանը կաշկանդված է և չի կարողանում գործն անկողմնակալ քննել»,-ասաց Սահակյանը:
Լուսինե Սահակյանը նշեց, որ Ռուսաստանի դեմ քաղաքացիական հայցը ներկայացնելուց առավել ակնհայտ է դարձել, որ դատարանը կաշկանդված է. «Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի դեմ քաղաքացիական հայցը ներկայացնելու օրը դատարանը տուժողների իրավահաջորդներին ճանաչեց քաղաքացիական հայցվոր, պատասխանող կողմ ճանաչեց Ռուսաստանի Դաշնությանը: Դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց, որպեսզի քաղաքացիական հայցը թարգմանվի և ուղարկվի Ռուսաստանի Դաշնություն, բայց հաջորդ դատական նիստին պարզվեց, որ նախորդ օրվա դատական նիստի օրով դատարանը որոշում է կայացրել, որով մերժել էր հայցատուների դիմումը: Այդ կապակցությամբ ակնհայտ է, որն է դատարանը ակնհայտ կաշկանդված է և չի կարողանա որևէ գործողություն կատարել, որն ուղղված կլինի Ռուսաստանի Դաշնությանը»:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական հայցի ներկայացումն ինքնանպատակ չէ, դրա նպատակն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի պատասխանատվություն զգա Հայաստանի Հանրապետություն զինծառայողներ ուղարկելու հարցում:
Ինչ վերաբերում է քրեական գործին, փաստաբանն ասաց, որ քրեական գործով շատ էական է, որպեսզի հաջորդիվ դատարանը լինի անկաշկանդ և անկողմնակալ, որ կարողանա օբյեկտիվ լուծել շատ հարցեր, այդ թվում՝ նաև այն հարցերը, թե ինչո՞ւ է Վալերի Պերմյակովի ձեռքում հայտնվել զենք, որը նրան հանցագործություն կատարելու հնարավորություն է տվել:
«Այդ հարցերի պատասխանում իհարկե շատ լուրջ խնդիրներ կունենա Ռուսաստանի Դաշնությունը, և եթե դատարանը նույնիսկ չի կարողանում քաղաքացիական հայցի մասով կաշկանդված չլինել, ապա հասկանալի է, որ այլ հարցերում ևս լուրջ կաշկանդվածություն է ունենալու»,-ասաց Սահակյանը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ դատարանը կբավարարի միջնորդությունը, Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանն արդեն իր խոսքում ասել է, որ միջնորդությունը չի բավարարվի. «Չնայած որոշումը պետք է կայացվեր խորհրդակցական սենյակում, սակայն դատավորը նիստի ավարտին խոսում էր հաջորդ դատական նիստի մասին, ինչն էլ ապացուցում է, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարվի»:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության գործով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
Բացի այդ՝ ռուսական կողմում հարուցված քրեական գործով մեղադրյալ, Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության և զենքը ապօրինի կրելու համար 2015-ի օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Պերմյակովը հրապարակված ցուցմունքներում իրեն մեղավոր է ճանաչել և նկարագրել, թե ինչպես է Ավետիսյանների ընտանիքի անդամներին գնդակահարել ու սվին դանակի մի քանի հարված հասցրել 6 ամսական փոքրիկ Սերյոժային:
Դատական գործընթացը շարունակվում է:










