Լատվիայի մայրաքաղաքում միաժամանակ անցկացվել են ՆԱՏՕ-ին «կողմ» և «դեմ» ակցիաներ
Ռիգայում ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի շենքի մոտ միաժամանակ անցկացվել են Լատվիայում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ներկայությանը «կողմ» և «դեմ» ակցիաներ, հայտնում է РИА Новости-ն:
ՆԱՏՕ-ի կողմնակիցները և ընդդիմադիրները կողք կողքի են կանգնել: Ոմանք ձեռքերում պահել են «Առանց ՆԱՏՕ-ի Լատվիային սպասվում է Ուկրաինայի ճակատագիրը», «ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է» գրություններով պաստառներ:
Դաշինքի հակառակորդների ձեռքերում եղել են «Ո՛չ Լատվիայի ռազմականացմանը» և «ՆԱՏՕ go home» գրություններով պաստառներ:
Բողոքի ակցիաները հանգիստ են անցել: Կարգը պահպանել է մի քանի տասնյակ ոստիկան:
Լատվիան ՆԱՏՕ-ի անդամ է 2004 թվականից ի վեր:
Հունիսի կեսին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են ռոտացիոն կարգով Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում մեկական գումարտակի տեղակայումը: ՆԱՏՕ-ի վեհաժողովին, որն անց է կացվում Վարշավայում, ինչպես սպասվում է, կկայացվի վերջնական որոշում դաշինքի մեկական գումարտակ տարածաշրջան ուղարկելու մասին:










