ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի գրանցած առաջընթացը՝ որպես դաշինքին անդամակցության թեկնածու երկիր
ՆԱՏՕ-ն ողջունում է առաջընթացը, որը գրանցել է Վրաստանը՝ որպես դաշինքին անդամակցության թեկնածու երկիր, և կշարունակի երկրին աջակցությունը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ դաշինքի դռները բաց են: Այժմ Չեռնոգորիան է անցնում կազմակերպությանն անդամակցություն ստանալու գործընթացը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքն «աշխատում է նրա հետ, աջակցում է զինված ուժերի արդիականացման, բարեփոխումների հարցում՝ կազմակերպության չափանիշներին համապատասխանելու համար»:
«Մենք ողջունում ենք առաջընթացը, որ ցույց է տալիս Վրաստանը, և մենք կշարունակենք նրան աջակցել»,- ասել է Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Նա հավելել է, որ գագաթնաժողովի ընթացքում Լեհաստանի մայրաքաղաքում կկայանա Վրաստան - ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը:










