«Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ական դառնալու ցանկություն չունի». խոսնակ

12:02 • 09.07.16

 

Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով արդեն իսկ մամուլում ցանկություն է հայտնել մասնակցել Գյումրու ավագանու ու քաղաքապետի ընտրություններին, ցանկություն չունի կուսակցական դառնալ:

Tert.am-ի հարցին, թե պարոն Բալասանյանը ցանկություն ունի՞ դառնալու ՀՀԿ-ական ու մասնակցելու Գյումրու քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ ցուցակով, քաղաքապետի մամուլի խոսնակի պատասխանատու Սոնա Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկություն չունի որևէ կուսակցության անդամակցելու: Եթե որևէ կուսակցություն ցանկություն ունի սատարելու՝ քաղաքապետը միայն ողջունում է»:


Չնայած իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի հայտարարել Գյումրու ընտրություններում իր թեկնածուի անունը, որը պետք է գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը, ըստ մամուլի, դա Գյումրու անկուսակցական քաղաքապետ Սամվել Բալասանյանն է: ՀՀԿ-ում միանշանակ չեն ընդունում, որ իրենց թեկնածուն պետք է լինի ոչ ՀՀԿ-ական: Մինչ այժմ ՀՀԿ-ն քննարկել և որոշել է մեկ հարց, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ: Ստացվում է, որ Գյումրու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է անկուսակցական Բալասանյանը՝ նրա դիմաց, որ խոստացել է իր անձնական միջոցներով ներդրումներ անել Գյումրիում:  


Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում  Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ասել էր. «Անձնական ներդրումների խոստումների մասին  տեղեկություններին ես լուրջ չեմ վերաբերվում: Ես չեմ կարծում, որ պետք է համայնքի զարգացման համար համայնքապետը անհատական ներդրումներ անի: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի տերմին է, որովհետև համայնքի զարգացման համար պետությունը կա՛մ բյուջեից է միջոցներ տրամադրում, կա՛մ վարկային համապատասխան ծրագրեր է իրականացնում»:


Այսօր մեր հարցին, թե ի՞նչ չափի և ի՞նչ ներդրումներ է պատրաստվում անել քաղաքում անձնական միջոցներից Սամվել Բալասանյանը վերընտրվելու դեպքում, քաղաքապետի խոսնակի պաշտոնակատար Սոնա Առաքելյանն ասաց. «Իր հիմնադրամով, տարբեր ծրագրերով քաղաքապետն արել ու կանի ամեն հնարավոր բան աշխատատեղերի ստեղծման համար, ինչը մշտապես եղել է նրա ուշադրության կենտրոնում: Քաղաքապետի նախաձեռնությամբ, «Գյումրին առանց տնակների» ծրագրով, շարունակվում են և հետագայում էլ կշարունակվեն գյումրեցիներին ու Գյումրին տնակներից ազատելու աշխատանքները»:


Սամվել Բալասանյանը կարող է ՀՀԿ ցուցակը գլխավորել նաև որպես անկուսակցական: Այս դեպքում, սակայն, ՀՀԿ-ն դեմ է գնալու իր իսկ որոշումներին, քանի որ ավելի վաղ ՀՀԿ-ն նիստ էր արել և որոշել էր, որ Գյումրու ընտրություններում մասնակցելու է կուսակցության անդամի միջոցով և պարբերաբար այդ մասին հայտարարվել է:


Մամուլի տեղեկություններով, հնարավոր է նաև դաշինք լինի և ՀՀԿ-ն ընտրությունների գնա դաշինքով, որը կգլխավորի Սամվել Բալասանյանը: Քանի որ Սամվել Բալասանյանի անունը կապվում է «Գյումրեցու ոգի» կուսակցության հետ, ապա ՀՀԿ-ի այդ դաշինքը կարող է լինել հենց «Գյումրեցու ոգու» հետ:


Մեր հարցին, թե հնարավո՞ր է պարոն Բալասանյանը գլխավորի «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակը և ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցի Գյումրու ընտրություններին, խոսնակը պատասխանեց. «Սամվել Բալասանյանը «Գյումրեցի ոգի» կուսակցության հետ որևէ կապ չունի»:


ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի սատարի ՀՀԿ-ին, նաև եթե ՀՀԿ թեկնածուն լինի Սամվել Բալասանյանը: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պարոն Բալասանյանը գնահատում ԲՀԿ այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն իր հին թիմն է, և ինքը ԲՀԿ աջակցության կարիքն ունի՞, թե՞ ոչ: «Քաղաքապետը նորմալ է վերաբերվում նման հայտարարություններին, շատ լավ հարաբերությունների մեջ է իր ընկերների հետ: Ցանկացած կուսակցություն ունի իր քաղաքական օրակարգը, դիրքորոշումը և իրենք են որոշում, թե ում կսատարեն: Նոր ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացը փոխվել է, հիմա առաջադրումները լինելու են կուսակցություններով, անձերի պայքար չի լինելու»,-ասաց Առաքելյանը:


Ու՞մ է Սամվել Բալասանյանը համարում իր հիմնական մրցակիցը Գյումրու ընտրություններում հարցին ի պատասխան խոսնակն ասաց. «Առաջադրումները կլինեն ու մրցակցին կորոշի գյումրեցին»: