Կոալիցիոն գործընկերները «4+4+1» ձևաչափով հանդիպում կունենան. Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կքննարկեն հուշագրով ամրագրված դրույթները  

21:19 • 11.07.16

Առաջիկայում Հայաստանի Հանրապետական և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում կունենան: Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկելու է համագործակցության հուշագրով ամրագրված նպատակների իրականացման հաջորդականության, ժամանակացույցի, իրականացման գործողությունների վերաբերյալ հարցերը:


- ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության արդյունքում ստեղծված խորհուրդը, որը մեկ անգամ է նիստ գումարել, ի՞նչ աշխատանք է հիմա ծավալում, ե՞րբ է գումարվելու երկրորդ նիստը:

- Առաջին նիստի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում երկրորդ նիստը գումարենք: Կա համաձայնություն նիստերի անցկացման պարբերականության, օրակարգի հարցերը նախապես պլանավորելու, ձևավորելու շուրջ: Մոտ ապագայում հաջորդ նիստը կկայանա...


- Մոտավորապես ե՞րբ:


- Կոնկրետ ժամկետ ասել չեմ կարող: Բայց կարծում եմ, որ ընթացիկ ամսվա մեջ հաջորդ նիստը կկայանա:


- Առաջին նիստը քառօրյա պատերազմի հետևանքով հետաձգվեց: ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցությունից հետո, շատերի կարծիքով, ոչինչ չի փոխվել: Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին: Եթե անգամ երկրորդ հանդիպումն էլ լինի, ի՞նչ է փոխվելու, ինչի՞ համար է այն: Արդյոք ձևական չէ՞:


- Համաձայն չեմ, որ խորհուրդը ձևական բնույթ ունի: Կոալիցիոն համաձայնագրով նախատեսված շրջանակներում խորհուրդը գործառույթներ է իրականացնում: Իսկ պարբերականության վրա շեշտադրում կատարելը ճիշտ չէ: Խորհրդի քննարկման շրջանակն ամրագրված է համաձայնագրով, ուստի հստակ պարբերականության շեշտադրումը ճիշտ չէ: Այո, տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունները, դրա համար զուտ ներքաղաքական խնդիրներին այս ձևաչափով անդրադառնալը ճիշտ չէր լինի, դրա համար նախատեսված նիստը հետաձգվեց:


- Այսինքն՝ կարող եք ուշ-ուշ հանդիպել, բայց կարևոր որոշումներ կայացնե՞լ:


- Բնականաբար:


- Ո՞րն է լինելու առաջիկա հանդիպման օրակարգը:


- Քննարկելու են բոլոր դրույթները, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրով, ներկայացնելու ենք այդ դրույթների պլան-ժամանակացույցի իրականացման քայլերի հաջորդականությունը: Նախագծին ծանոթ եք, քննարկելու ենք՝ ինչ քայլերով, ինչ ժամանակացույցով, ինչ գործողություններով պիտի դրանք իրականացվեն:


- Ինչո՞ւ խորհրդի նախագահող ընտրվեց Նախագահ Սերժ Սարգսյանը:


- Այո, կա նման պայմանավորվածություն, որ նիստերը վարելու է նախագահը: Նա լինելու է արբիտրի դերում: Պայմանական ասած՝ որոշել ենք, որ գործի «4+4+1» ձևաչափովը: