Զինված հարձակումն ու պատանդ վերցնելը խնդիրների լուծում չեն. Ցվետանա Պասկալևան զինված խմբի գործողությունների մասին
Բուլղարացի ռեժիսոր, օպերատոր, Արցախյան ազատամարտի կինովավերագրող և լրագրող Ցվետանա Պասկալևան ցնցված է «Սասնա ծռեր» ջոկատի զինված անդամների խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու մասին տեղեկությունից:
Tert.am-ի հետ զրույցում Ցվետանա Պասկալևան ասաց. «Ես առայժմ ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ դեռ լավ չեմ հասկացել` ինչ է տեղի ունենում: Բայց կարծում եմ, որ նման քայլերը խնդրի լուծման ժողովրդավարական ձևեր չեն: Ինչ խնդիր էլ, որ լինի, ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար:










