Թուրքիայում հեղաշրջման փորձը Էրդողանի համար փրկության օղակ դարձավ. Արման Նավասարդյան

14:22 • 21.07.16

Թուրքիայում հեղաշրջման փորձը  Էրդողանի համար դարձավ փրկության օղակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով Թուրքիան ձախողել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, վերջերս նաև՝ Ռուսաստանի,Արաբական աշխարհի հետ, իսկ երկրի ներսում քրդական հարց էլ կա:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Գիտեք դիվանագիտական և քաղաքական գործընթացներում կա այսպիսի երևույթ, երբ կազմակերպված է լինում ինչ-որ իրադարձություն, թատերականացված, կամ  չթատերականացված:  Ճկուն քաղաքական գործիչները շատ արագ մտնում են այդ գործընթացների մեջ և կարող են դրանից օգուտ  քաղել: Թուրքիայի պարագայում հեղաշրջման փորձը որ տարբերակով էլ, որ եղած լիներ, միևնույնն էր, նա օգուտ քաղեց: Հենց միայն մի բան. նա կարողացավ ժողովրդին հանել և առճակատել բանակի հետ, դրա համար պետք է ունենալ շատ ճկուն քաղաքական միտք և փորձ»,- ասաց Նավասարդյանը:

Tert.am-ի հարցին, թե ցանկացած դեպքում, եթե որևէ երկրում իրավիճակը լարվում է, առաջին հերթին թիրախում են հայտնվում ազգային փոքրամասնությունները և այդ հաշվի առնելով, ի՞նչ է սպասվում տեղի հայերին, Արմեն Նավասարդյանն ասաց, որ եթե իրավիճակը լարվի, ապա իրավիճակների զարգացման սուր ծայրը կուղղվի քրդական և հայկական համայնքներին: