Անվտանգության խորհրդի վերակազմավորման նպատակը ավելի կոմպակտ և ժամանակի պահանջներին համապատասխանող կառույցի ձևավորումն է. Արմեն Գևորգյան
ՀՀ Նախագահի կարգադրությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարման խնդրի շուրջ Tert.am–ը զրուցել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Գևորգյան, այսօր հայտարարվեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վերակազմավորման մասին: Ո՞րն է այս փոփոխության նպատակը, և ի՞նչ է ենթադրում կառույցի վերակազմավորումը:
-Նախ նշեմ, որ լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և, ՀՀ Նախագահի աշխատակազմում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, ստեղծվել է «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»:
Խորհրդի աշխատակազմի վերակազմավորումը պետք է դիտարկել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված գործընթացների և կառույցի արդյունավետության բարձրացման համատեքստում: Վերջինը իմ՝որպես կառույցի ղեկավարի առջև դրվել էր հանրապետության Նախագահի կողմից հունիսի սկզբին՝ իմ կողմից պաշտոնի ստանձնման ժամանակ:
Եթե պարզ ու հակիրճ ձևակերպեմ, նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է, ավելի կոմպակտ և ժամանակի պահանջներին համապատասխանող կառույցի ձևավորումը, ինչը պարզապես ժամանակի հրամայական է:
Վերակազմավորմանը վերաբերող աշխատանքները երկու ուղղությամբ են ընթացել: Առաջինը կոնցեպտուալ ուղղությունն է, որը ենթադրում է գույքագրել, հասկանալ և հստակեցնել այն գործառույթները, որոնք Խորհուրդը պետք է իրականացնի նոր Սահմանադրությամբ, հատկապես` նկատի ունեմ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելու կարևոր գործառույթը: Սահմանադրության պահանջն է նաև Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգի մասին օրենքի ընդունումը, որի մշակման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017 թվականի վերջը:
Երկրորդ ուղղությունն ավելի շատ վերաբերում է կազմակերպական և իրավական լուծումներին: Ինչպես ասացի, նպատակ ունենք ձևավորել առավել կոմպակտ կառույց, որն ավելի սերտ շփումների հնարավորություն կունենա ՀՀ Նախագահի, պետական այլ մարմինների աշխատակազմերի հետ, ինչպես նաև կկարողանա լայնորեն ու նպատակային օգտագործել փորձագիտական հանրության ներուժը:
Այսպիսով, նախադրյալներ են ստեղծվում կառույցի` նոր Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման համար:
Պետք է նշեմ, որ կար երկընտրանք. նույն կարգավիճակով գործունեությունը շարունակել մինչև 2018 թվականը, կամ ռացիոնալ օգտագործել պետական միջոցները` սկսելով բարեփոխումները: Մենք կանգ առանք երկրորդ տարբերակի վրա:
Վերակազմավորման հետ կապված փաստաթղթային ձևակերպումների գործընթացները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 1-ը: Դրանք, բնականաբար, չեն ազդելու կառույցի գործունեության վրա, և 2016 թվականի համար նախատեսված բոլոր աշխատանքները, այդ թվում ՝ՀԱՊԿ նախագահության շրջանակում ծրագրված բոլոր միջոցառումները, պատշաճ իրականացվելու են:
-Ինչո՞ւ որոշվեց հիմա իրականացնել վերակազմավորումը: Ինչո՞ւ դա չէր արվել մինչ այժմ: Արդյո՞ք այս փոփոխությունը չպետք է դիտարկել հուլիսյան դեպքերի համատեքստում:
-Ինչպես արդեն ասացի, կառույցի արդյունավետ գործունեության ապահովման խնդիր դրվել էր Նախագահի կողմից դեռևս հունիսի սկզբին, երբ ստանձնեցի այս պաշտոնը: Այս երկու ամիսների ընթացքում հարցը լրջորեն ուսումնասիրվել է: Ժամկետը թերևս պայմանավորված էր բյուջետային հայտերի ներկայացման շրջանով: Վերակազմավորումը հնարավորություն կտա էապես նվազեցնել պետբյուջեից Խորհրդի աշխատակազմին հատկացվող գումարները, և խնայված միջոցներն ուղղել ազգային անվտանգությանը վերաբերող այլ ոլորտների, օրինակ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Ինչ վերաբերում է մինչ այժմ չանելուն, կարծում եմ՝ դա պայմանավորված էր նրանով, որ կառույցի առջև այլ նպատակներ ու խնդիրներ էին դրված, որոնք ընթացքում կարող են փոխվել ու համապատասխանեցվել ժամանակի պահանջներին: Եթե օբյեկտիվորեն ձևավորվել է փոփոխությունների պահանջը, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի:
-Արդյո՞ք վերակազմավորման արդյունքում՝ մեկ այլ պետական մարմնի ինտեգրվելու պատճառով կառույցի դերը չի նվազում: Կադրային կրճատումներ լինելո՞ւ են:
-Նախ և առաջ պետք է արձանագրել, որ չի փոխվում Ազգային անվտանգության խորհրդի դերակատարումը, և այն շարունակում է գործել նույն կարգավիճակով ու գործառույթներով, որոնք սահմանված են Նախագահի 2008 թվականի հրամանագրով: Փոխվում է Խորհրդի գործունեությունը սպասարկող և ապահովող վարչական մարմնի կարգավիճակը: Այդ առումով նշեմ, որ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. ԱՄՆ-ում, Ռուսաստանում, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մի շարք երկրներում անվտանգության խորհուրդների գործունեությունը սպասարկող կառույցները, լինելով ինքնուրույն, միաժամանակ ինտեգրված են նախագահի կամ վարչապետի աշխատակազմերում: Նույնպիսի մոդել ընտրվել է նաև մեր դեպքում, մինչև Սահմանադրության համապատասխան փոփոխությունները ուժի մեջ մտնեն 2018 թվականին: Սա հնարավորություն կտա, որպեսզի Խորհրդի նորաստեղծ քարտուղարության ներսում կատարվող աշխատանքների արդյունքներն առավել օպերատիվ և բազմակողմանի օգտագործվեն ինչպես Նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ այդ կառույցի հետ անմիջական առնչություն ունեցող պետական այլ մարմինների կողմից:
Ավելի արագ և օպերատիվ կիրականցվի կառույցի ու պետական տարբեր մարմինների միջև գործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:
Ինչ վերաբերում է կրճատումներին, ցավոք, դրանից խուսափել հնարավոր չի լինի: Ամեն ինչ կարվի, որպեսզի պատրաստված, բարեխիղճ աշխատակիցները, ովքեր ընդգրկված են հետազոտական և վերլուծական աշխատանքներում, շարունակեն իրենց գործունեությունը: Այս փոփոխությունները միաժամանակ հնարավորություն են տալու նորաստեղծ կառույցի աշխատանքներում ներգրավել նոր, բանիմաց մասնագետների, այդ թվում՝ երիտասարդ կադրերի:
Օգտվելով առիթից՝ նշեմ, որ պատրաստ ենք կառույցի աշխատանքներում ներգրավելու ժամանակակից թե գիտելիքների, թե տեխնոլոգիաների ու օտար լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետների, ովքեր գիտակցելով, որ պետական աշխատանքը թեկուզև չլինելով ամենաբարձր վարձատրվողը, մասնագիտական զարգացման, փորձի, հեռանկարների տեսակետից կարող է գրավիչ լինել: Ուստի կառաջարկեի նրանց, ովքեր բարձր աշխատավարձով աշխատատեղեր են փնտրում, դիտարկել նաև այս նոր հնարավորությունը:
Վերադառնալով կրճատումների թեմային՝ նշեմ, որ դա հիմնականում վերաբերելու է սպասարկող և նյութատեխնիկական ապահովում իրականացնող անձնակազմին: Գործող օրենսդրությունը, ցավոք, չի կարգավորում հատուկ քաղաքացիական ծառայությունից ռեզերվ տեղափոխվող աշխատակիցների սոցիալական երաշխիքների հարցը, այդ իսկ պատճառով հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, կառավարության հետ համատեղ, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր՝ աշխատանքից ազատվող և ռեզերվ տեղափոխվող ծառայողների սոցիալական իրավունքները երաշխավորելու համար:
Ցանկանում են նաև նշել, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի հանձնարարությամբ այսուհետ պատրաստվում ենք մեր վերլուծական-հետազոտական աշխատանքներում առավելագույնս ներգրավել այն փորձագիտական ներուժն ու կարողությունները, որն առկա է ոչ միայն պետական, այլեւ ոչ պետական հարթակներում: Առավել ակտիվ ենք համագործակցելու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ հանրային հատվածն ուՍփյուռքը ներկայացնող փորձագիտական այլ կառույցների հետ: Դա հնարավորություն է ընձեռելու ավելի լայն ու բազմակողմ կերպով դիտարկել բարձրացվող խնդիրներն ու հարցադրումները:
-Ինչպե՞ս է անդրադառնալու այս որոշումը Ձեր պաշտոնավարման վրա: Դուք անձամբ շարունակելո՞ւ եք ղեկավարել կառույցը:
-Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը սահմանված է գործող օրենսդրությամբ: Կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն առնչվում այդ ինստիտուտի կարգավիճակին և գործառույթներին, ուստի իմ պաշտոնավարման հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Խորհրդի քարտուղարն անմիջականորեն ղեկավարելու է նորաստեղծ կառույցը:










