Գառնու 27/1 ընտրատեղամասում արձանագրվեց մեքենայում քվեարկության արդեն 3-րդ դեպքը
Tert.am -ի լրագրողն արձանագրել է Գառնիում ընտրատեղամասից դուրս` մեքենայում քվեարկության արդեն երրորդ դեպքը:
Քիչ առաջ Սիլվա Օհանյան անուն-ազգանունով մի տարեց կին քվեարկել է «Օպել» մակնիշի մեքենայի մեջ` թոռան` Սուրեն Օհանյանի օգնությամբ:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Գասպարյանի պնդմամբ՝ ինքն այդ հարցը քննարկել է հանձնաժողովի անդամների և վստահված անձանց հետ, սակայն վստահված անձանցից մի քանիսն առհասարակ տեղյակ չեն եղել, թե դրսում ինչ է կատարվում:
Հանրապետական թեկնածու Ահարոն Սահակյանի կողմնակիցները տեղամասի դիմաց փորձեն են խոչընդոտել նկարահանումներ կատարող լրագրողներին՝ ասելով. «Ամոթ է, էս կինը էս գյուղի համար էսքան բան է արել, թողեք քվեարկի»:
Այս ամենը տեղի է ունեցել գործող գյուղապետի աչքի առաջ, որը շարունակել է շրջել ընտրատեղամասից տեղամաս և հայտարարել, որ ինքը հաղթել է:
Հիշեցնենք, որ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության և գյուղապետի թեկնածու Արուսյակ Այվազյանի վստահված անձինք ևս տեղեկացրել են, որ 27.2 ընտրատեղամասի դիմաց տեղի է ունեցել քվեարկություն մեքենայի «կապոտի» վրա, մասնավորապես, տարեց ` 90-ամյա կնոջ փոխարեն քվեարկել է նրա որդին` Սերոբ Թադևոսյանը:
Անի Գևորգյան










