«Ջեյշ ալ Ֆաթհ»-ը ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը. լրատվամիջոցներ
Սիրիայում գործող «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան ստանձնել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում են թուրքական և ռուսական ԶԼՄ-ները։ Մասնավորապես ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հղում է անում «Ալ Յաում աս Սաբիա» թերթի էլեկտրոնային տարբերակին, որը տեղադրել է Սիրիայում գործող ծայրահեղական խմբերի այդ դաշինքի հայտարարության պատճենը։
Նշենք, որ այս կոալիցիայի մեջ է մտնում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը:
«Աս Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ջեյշ ալ Ֆաթհ» խումբը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել ի պատասխան Հալեպում կրած պարտության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայիններից։ Դեկտեմբերի 15-ին սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով և շտապօգնության մեքենաներով դուրս են բերվել Հալեպի տարածքից:
Նշենք, որ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից հետո նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:










