Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախումբը Կարո Փայլանի ապահովությունը երաշխավորելու պահանջով արշավ է ձեռնարկել

18:41 • 21.12.16

Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախումբը դեկտեմբեր 19-ին խնդրագիր է կազմել` պահանջելով ապահովել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունը` նշելով, որ վերջինս մահվան լուրջ սպառնալիքների է ենթարկվում, հատկապես` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը` հավելելով, որ խնդրագրում նշվում է, որ քրդամետ կուսակցության շարքերում տեղի ունեցած ձերբակալությունների առաջին ալիքից հետո Էրդողանի վարչակազմի և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թիրախում հայտնվել է նաև Կարո Փայլանը:

Աղբյուրի հաղորդմամբ` իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահը խոստովանել է, որ Փայլանին վարկաբեկող լուսանկարներ է հրապարակել և որոնց նպատակն է թուրք ազգայնականների շրջանում ատելություն սերմանել հայազգի պատգամավորիհանդեպ:

Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախումբը զգուշացնում է, որ այս սպառնալիքները չպետք է թերագնահատել և կոչ է անում ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչներին` ըստ արժանվույն գնահատել Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: