Պուտինն իր ամենամյա մամուլի ասուլիսը տեղափոխել է՝ դեսպան Կառլովի հուղարկավորությանը մասնակցելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին Պուտինը կմասնակցի Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված սգո արարողություններին, ինչի պատճառով նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին:
«Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված սգո և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ նախագահը որոշել է այդ օրը չանցկացնել իր մեծ մամուլի ասուլիսը: Նա կմասնակցի սգո արարողություններին», - մեջբերում է РИА Новости-ն Պեսկովի խոսքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:










