Ինքնասպանության քանի դեպք և փորձ է գրանցվել ՀՀ-ում 2016-ին. հոգեբանը ներկայացնում է դրանց հիմնական պատճառները
Tert.am-ին ԱԻՆ-ից տրամադրված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ինքնասպանության 197 դեպք է գրանցվել, որը 2015 թվականի համեմատ աճել է երկու դեպքով, իսկ 2014 թվականին այդ թիվը կազմել է 155 դեպք:
Ինքնասպանության դեպքերի գործելու վայրը հիմնականում եղել է բնակարանները և առանձնատները: Ինքնասպանության դեպքերի 133-ը եղել է կախման միջոցով, 40-ը՝ վայր նետվելու միջոցով, 8-ը՝ հրազենի կիրառմամբ, 3-ը՝ քիմիական նյութերի օգտագործմամբ, 2-ը՝ հրկիզման միջոցով, 2-ը՝ էլեկտրահարման միջոցով և մեկը՝ երակների վնասմամբ, դեղորայքային չափի խախտման 1 դեպք է եղել:
Ըստ սեռի՝ 197 դեպքերից 37-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչ, իսկ 160-ը արական սեռի ներկայացուցիչ: Ըստ տարիքային խմբերի՝ իգական սեռի ներկայացուցիչներից 18 տարեկանից փոքր ինքնասպանության դիմել է մեկ հոգի, 18-25 տարիքային խմբում՝ 4 հոգի, 25-40 տարիքային խմբում՝ 5 հոգի, 40-60 տարիքային խմբում՝ 11 հոգի, 60-ից մեծ՝ 16 հոգի:
Արական սեռի ներկայացուցիչներից 18 տարեկանից փոքր ինքնասպանության դիմել է 2 հոգի, 18-25 տարիքային խմբում՝ 7 հոգի. 25-40 տարիքային խմբում՝ 33 հոգի, 40-60 տարեկան տարիքային խմբում՝ 55 հոգի, իսկ 60 տարեկանից մեծ ինքնասպանության դիմել են 63 հոգի:
Ինքնասպանության ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում՝ 79 դեպք, ապա Շիրակում՝ 19 դեպք, Լոռիում՝ 18, Կոտայքում՝ 16, իսկ ամենաքիչը դեպքերը գրանցվել են Վայոց ձորում՝ 2 դեպք:
Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձերին, ապա 2016 թվականին այդ թիվը կազմել է 452, 2015 թվականին՝ 557, իսկ 2014 թվականին՝ 525: Հատկանշական է, որ ինքնասպանության դիմելու փորձ կատարել են ամենաշատը վայր նետելով՝ 112 հոգի, երակների վնասմամբ՝ 93, իսկ կախման միջոցով փորձել է ինքնասպան լինել 19 հոգի։
Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ սխալ է ասել, թե Հայաստանում ինքնասպանությունների թվի աճի միտում կա: «Ընդհանրապես Հայաստանը ինքնասպանությունների թվաքանակով ամենաքչերից մեկն է աշխարհում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերական հարազատական կապերը և շփումները ավելի զարգացած են այստեղ: Այդ սոցիալական օգնությունը և աջակցությունը հարազատների միջև շատ ավելի ուժեղ է մեզ մոտ, քան Եվրոպայում: Օրինակ՝ քաղաքներում ինքնասպանությունները ավելի մեծ է քան գյուղերում, քանի որ մարդիկ քաղաքում մեկուսացված են»,-ասաց նա:
Սամվել Խուդոյանն ասաց, որ ինքնասպանությունների մեծ թվաքանակը շատ դեպքերում կապում են նաև արևի պակասի հետ և սովորաբար հյուսիսային երկրներում՝ Նորվեգիայում, Շվեդիայում ինքնասպանությունների թիվը շատ է, և դա պայմանավորում են նրա հետ, որ արևն այնտեղ քիչ է: «Ինքնասպանություններն աշնան շրջանում են շատանում, քանի որ արևի պակասը դեպրեսիվ վիճակներ է առաջացնում և քննադատական մտածողությունը կորում է, և եթե դրան ավելանում է կողքից ուրիշ խնդիրներ, ապա դա նպաստում է, որ մարդ չմտածված քայլի գնա»,-ասաց նա և նշեց, որ ժառանգական գործոններ էլ են մեծ դեր ունեն:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա նա ասաց, որ ամենատարբեր պատճառներ կարող են լինել, սակայն ամբողջ աշխարհում ամենաշատը խաղամոլությունը և կորուստն են ինքնասպանության պատճառ հանդիսանում: Նա նշեց, որ ամենավտանգավորը պատանեկան տարիքն է համարվում, իսկ ինքնասպանությունը ավելի մեծ թիվ է կազմում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում:
Անդրադառնալով հարցին, թե ինքնասպանությունների լուսաբանումն ինչպես է անդրադառնում ինքնասպանությունների թվի աճի վրա, Սամվել Խուդոյանն ասաց, որ հատուկ դա ուսումնասիրել է և տարբեր երկրների մասնագետները միաձայն ասում են, որ այդպիսի փաստ չկա, որ լուսաբանելը, կամ այդ մասին խոսելը նպաստում է ինքնասպանությանը: «Բայց միևնույն ժամանակ Շվեդիայում հատուկ աշխատանքներ են կատարվել հակաինքնասպանական պրոպագանդայի ուղղությամբ և դրա արդյունքում էապես նվազել են ինքնասպանությունների թիվը, ինչպես նաև շատ է օգնել վստահության հեռախոսների ստեղծումը»,-ասաց նա:
Հոգեբանը նշեց, որ ինքնասպանության փորձերի մեծ մասը ցուցադրական բնույթ են կրում, երբ մարդ, ոչ թե իսկապես ուզում է ինքնասպան լինել, այլ ուղակի դրանով ցանկանում է գրավել մարդկանց ուշադրությունը, սպառնում է: Նա ասաց, որ դրանից ելնելով ավելի շատ ընտրում են մեղմ մեթոդներ, օրինակ՝ դեղորայքային մեթոդը, քանի որ փրկվելու հավանականությունը շատ է և այնպիսի պահ են ընտրում, որ դա, անպայման, նկատվի:
Նա ասաց, որ ինքնասպանություն կատարելը մեկ կամ երկու օրում կայացված որոշում չի լինում, քանի որ մարդիկ երկար կարող են մտածել, ծրագրել, նույնիսկ գումար են հավաքում: «Երբեմն լինում են փրկվողներ, ովքեր ասում են, թե դրանից հետո կյանքը այլ կերպ են գնահատում, բայց միևնույն ժամանակ հայտնի են դեպքեր, որ մի անգամ փրկվել են, սակայն հաջորդ անգամ էլի նման դեպք են կատարել»,-ասաց նա:
Սամվել Խուդոյանը նշեց, որ ինքնասպանություն կատարելու պատճառը հիմնականում որպես կանոն էմոցիան է, դեպրեսիան, խնդիրներից փախչելու մտածելակերպը, և շատ լինում են դեպքեր, երբ քննադատական մտածելակերպը արգելակված է: Ըստ նրա՝ աբսուրդ է այն վեճը, թե ինքնասպանություն անողն ուժեղ մարդ է, թե թույլ, քանի որ այդ քայլին գնացողը նախ հոգեկան խանգարման վիճակում է գտնվում, և անկենսունակ մտածելակերպ է ունենում:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ավելի շատ տղամարդիկ են նման քայլ անում, քան կանայք, նա ասաց, որ գուցե կանայք հանուն իրենց երեխաների չեն գնում այդ քայլին և նրանք ավելի ճկուն են և ավելի հեշտ են գտնում կյանքի հետ կապեր, իսկ տղամարդկանց մոտ ագրեսիան ավելի շատ է: «Կարևոր է նաև չգիտակցված ինքնասպանությունը, երբ մարդը առանց մտադրության չգիտակցված ցանկություն ունի և օրինակ՝մայթը այնպես է անցնում, որ ընկնի մեքենայի տակ, կամ այնքան թմրանյութի չափաբաժին է ընդունում, որ մահանա»,-ասաց նա:










