ԱԺ պատգամավորի կողմից լրագրողին հարվածելու գործը ՀՔԾ-ն կարճել է հանցակազմի բացակայության պատճառով. լրագրողը կբողոքարկի
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի կարճվել է՝ ըստ ՀՔԾ-ի հանցակազմի բացակայության պատճառով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Վահե Մակարյանը:
Դիտարկմանը, թե դատաբժշկի եզրակացության համաձայն, սակայն, պատգամավորը հարվածել էր աչքին, Վահե Մակարյանն ասաց.« ՀՔԾ-ն հաշվի չի առել դրանք, փաստորեն հարված է եղել, որ վնասվածք եմ ստացել, ցավ եմ զգացել, ինչը դատաբժիշկը ֆիքսել է: ՀՔԾ-ն ընդունել է միայն պատգամավորի ցուցմունքը, համաձայն որի՝ իբր մեկ անգամ ապտակել է ինձ, այնինչ բռունցքով հարվածել է: Անգամ եթե ըստ ՀՔԾ-ի՝ պատգամավորն ինձ ապտակել է, եթե այդպես համարենք, ստացվում է, որ պատգամավորը կարող է լրագրողին ապտակել և պատասխանատվության չենթարկվել»:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել լրագրողը, Վահե Մակարյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը և հնարավորինս ապացուցել նույն ՀՔԾ-ին, որ իրականում եղել է բռունցքներով հարված, որը ֆիքսել է դատաբժիշկը:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողի՝ պատգամավորին ուղղված հարցից հետո Ռուբիկ Հակոբյանը Վահե Մակարյանին հրավիրել էր զրուցելու: Լրագրողի խոսքով՝ պատգամավորն իրեն հրավիրել էր այն տարածքը, որտեղ տեսախցիկներ չկան և հարվածել ու հայհոյել էր:









