Ցանկացած գրպանի և հնարավորության համար ՀՀ-ում այսօր կան հանգստի հնարավորություններ. Զարմինե Զեյթյունցյան

16:08 • 10.02.17

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունցյանն այսօր մամուլի ասուլիսին ժամանակ նշեց, որ մշակել են ռազմավարական քարտեզ, հստակեցրել առաջնային խնդիրները և իրենց կարգախոսն է՝ ճանաչելիություն, հասանելիություն, մատչելիություն: «Մեր ռամզաքարը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է՝ հատկապես թիրախային շուկաներում»,-ասաց նա:

Զեյթունցյանի ներկայացմամբ՝ նախատեսում են ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի ՀՀ մարզեր, գյուղական համայնքներ՝ այս առումով նաև կրոնական տուրիզմի ուղղությամբ են աշխատանքներ տարվում:

«340 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ ունենք, ունենք բազմաթիվ հյուրատներ»,-ասաց նա և հայտնեց, որ մոտակա տարիներին շահագործման կհանձնվեն ավելի քան հինգ հարյուր հյուրանոցային համարներ:

Կոմիտեի նախագահը նշեց, որ ներդրումային հանձնաժողով են կազմել, որ պոտենցիալ ներդրողներին հետաքրքիր փաթեթ առաջարկեն:

Անդրադառնալով մատչելիության հարցին, և թե ինչու են հայերը ավել շատ նախընտրում հանգստանալ Վրաստանում՝ հենց մատչելիությունից ելնելով, Զարմինե Զեյթյունցյանն ասաց, որ արտասահմանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը մատչելի է: «Ցանկացած գրպանի և հնարավորության համար Հայաստանում այսօր կան հնարավորություններ»,-ասաց նա և նշեց, որ կարելի է հանդիպել Հայաստանում ութ հազար դրամից սկսած համարներ  տարբեր վայրերում:

Ամեն դեպքում՝ նա նկատեց, որ հարկային դաշտում որոշակի փոփոխություններ անելու կարիք կա: «Վրաստանը, քանի որ ծով ունի, մասսայական զբոսաշրջության վրա է աշխատում, այսինքն՝ մեծ քանակի»,- ասաց նա:

Չնայած դրան՝ նա նշեց, որ գնային խնդիր կա և իրենք հյուրանոցների, հյուրատների տերերի  հետ հանդիպել են, սակայն շուկայական գներ կարգավորելու մեխանիզմներ նույնիսկ քաղաքակիրթ երկրներում չկան:

Ինչ վերաբերում է երկու թանկարժեք բիոզուգարանների խնդրին, նա ասաց, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ ոչ մի մասնակցություն չի ունեցել դրանց ձեռքբերմանը և այլ հարցերին.

«Բիոզուգարանը չէ, որ պետք է զարգացնի տուրիզմը»,- ասաց նա: