Նովրուզին ընդառաջ վարձով բնակարանների գները կրկնակի թանկացել են,իսկ հյուրանոցների առցանց ամրագրումներում իրանական առաջարկ չկա

22:18 • 18.03.17

Մինչ մարտի 21-ին նշվող իրանական Նովրուզին ընդառաջ դեպի Հայաստան  իրանցի զբոսաշրջիկների հոսքեր են ակնկալվում, գրեթե կրկնակի թանկացել են վարձով՝  հատկապես օրավարձով տրվող բնակարանների գները:

Մասնավորապես .  List.am  կայքում վարձով  բնակարանների մասին հայտարարություն տված Մարիան, որը քաղաքի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը վարձով էր տալիս օրական 13000 դրամով,  Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Օրական 13 հազարի փոխարեն 10 հազար, բայց ամսի 20-ից հետո արդեն բնակարանը կտրվի օրական 50 ԱՄՆ դոլարով»:

Նույն կայքում հայտարարություն տված Մարին էլ, որը բրոքերական գործակալության աշխատակից էր, Աբովյան փողոցի վրա վարձով 1 սենյականոց բնակարանի համար մինչև  ամսի 19 –ը պահանջում էր  15 հազար դրամ, իսկ դրանից հետո՝ 65 դոլար:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Ուստի՝ Իրանին հարևան Հայաստանում,   ինչպես և ամեն տարի, այս օրերին կլինի իրանցի զբոսաշրջիկների աճ, որոնք ,ինչպես նշում են փորձագետները, Հայաստանում  4-5 օր են անցկացնում՝ յուրաքանչյուրը ծախսելով 700-800 դոլար։

Փոխարենը, թույլ ծանրաբեռնված են առցանց  համակարգով Իրանից  հայաստանյան հյուրանոցների և հանգստյան տների ամրագրումները:

Ինչպես Tert.am-ին հայտնեց առցանց ամրագրումների համակարգի  Armhotels.am կայքի տնօրեն Աշոտ Նազարյանը, պատճառը իրանցիների պլաստիկ վճարային քարտերն են:

«Ինչպես գիտեք՝ պարսկական քարտերը մեր համակարգը չի ընդունում: Որովհետև իրենց վճարային համակարգերը էդ քարտերը  չեն սպասարկում» ,-ասաց կայքի տնօրենը:

Հիշեցնենք, որ իրանցիների վճարային քարտերը սառեցված էին ամերիկյան երկարամյա պատժամիջոցների հետևանքով:

 

Նովրուզին ընդառաջ վարձով բնակարանների գները կրկնակի թանկացել են,իսկ հյուրանոցների առցանց ամրագրումներում իրանական առաջարկ չկա