Նոր տեխնոլոգիաները միանշանակ նվազեցրել են խախտումները. Էդմոն Մարուքյան
Նոր Ընտրական օրենսգրքով ներդրված նոր տեխնոլոգիաները միանշանակ նվազեցրել են խախտումները: Այս մասին այսօր Վանաձորում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
«Նոր տեխնոլոգիաները միանշանակ նվազեցրել են կրկնաքվեարկությունը, մեկը մյուսի փոխարեն քվեարկելու դեպքերը: Ըստ էության, դրանք անհամեմատ նվազեցված են, գրեթե անհնարին: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ քաղաքացու ձայնը տեղ է հասնելու» նշեց Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքի վստահված անձերի կողմից արձանագրված հիմնական խախտումների մասին լուրերը կապված են մասսայաբար փող բաժանելու, կտրոնները չկնիքելու և քվեաթերթիկների տեղը փոխելու հետ. «Առաջին քվեաթերթիկը չի դրվում առաջին տեղում, դրա փոխարեն 6-րդն է դրվում: Այդ մասին կզանգեմ և կտեղեկացնեմ ԿԸՀ-ին»,- հայտնեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, մասնավորապես, նույնականացման քարտերի և տեսախցիկների մասով, Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք մտահոգվելու բան չունեն. «Մենք բոլոր տեղերում վստահված անձեր ունենք, որտեղ տեսախցիկ չկա, մեկ է մենք մարդ ունենք: Յուրաքանչյուր ձայնը, որը տրվում է «Ելք» դաշինքին, կհասնի «Ելք» դաշինքին:
«ՀՀ քաղաքացին ինքը պետք է որոշի թե ինչ երկրում է ցանկանում ապրել: Իրականում Վանաձորում փող բաժանելը երբեք չի աշխատել և բաժանողները այսօր գիշերը գլխով հարվածելու են պատին: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում և մենք հաղթելու ենք»,- եզրափակեց նա:










