ԵԼՔ–ը չի քննարկում քվեարկության արդյունքները վիճարկելու հարցը, փաստեր չկան, որ «ԵՔ»-ից քվե է գողացվել. Արամ Սարգսյան

17:32 • 03.04.17

Ելքը  չի քննարկում ընտրությունների  արդյունքները վիճարկելու մասին հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը:

«Այս պահին այլ հարցեր ենք քննարկում՝ ռեսուրսների բաշխման հետ կապված»,- շեշտեց նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ իրենք ավելին էին սպասում, բայց չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք  կփաստեն այն մասին, որ իրենցից քվե են գողացել:

«Ուզում եմ  խորին շնորհակալություն հայտնել 120 հազար մարդկանց, որոնք մեր օգտին են քվեարկել, ամեն տված քվեի համար աշխատելու ենք»,-շեշտեց նա:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ  իրենց օգտին քվեարկել է հասարակության քաղաքացիական գիտակցություն ունեցող հատվածը:

Նա նաև ընդգծեց, որ համոզված է՝ ընտրությունն ազատ և թափանցիկ չի անցել, քանի որ կաշառք է բաժանվել և  ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործվել:

«Ազատության» հետ զրույցում  «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ելք» դաշինքը ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու խնդիր չունի:

««ԵԼՔ»–ի համար հաղթանակ կլիներ, եթե դաշինքը քաղաքական մեծամասնություն ձևավորեր։ Բայց կարծում եմ, սա հաջողություն կարելի է ասել այն 120 հազար և ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով, ազատ կամարտահայտությամբ առանց վախենալու, առանց մի գրամ կասկածելու, գնացել են ընտրական տեղամասեր, վերցրել թիվ 1 քվեաթերթիկը և քվեարկել են «ԵԼՔ» դաշինքի օգտին»,- ասել է նա: