«ՕՐՕ»-ն չի ընդունում ընտրության արդյունքները, բայց ո՞ւմ բողոքարկի. Ազատ Արշակյան

18:11 • 03.04.17

«Օհանյան-Րաֆֆի-Հովհաննիսյան» դաշինքը չի ընդունում ընտրության արդյունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Ազատ Արշակյանը` նշելով, որ շուտով«ՕՐՕ»-ն հայտարարություն կանի: Ըստ նրա` ընտրությունների արդյունքները կեղծվել են: «Քվեարկությունների վերաբերյալ ես ոչ մի դատողություն չեմ ցանկանում անել, քանի որ դա ընդհանուր մեծ փաթեթի մեջ է: Ընտրություններն անցկացվեցին Եվրասիական տնտեսական միությանը հարիր։ Այնտեղ ընտրությունները ներկայացում են, որտեղ իշխանությունը հաստատում է իր անփոխարինելի լինելը: Հիմա այդ ներկայացմանը մենք մասնակցել ենք` իմանալով, թե ինչի ենք մասնակցում։ Մտածում էինք, որ հնարավոր է՝ հրաշք տեղի ունենա: Մենք պետք է մասնակցենք, առանց մեզ ոչինչ չպետք է լինի Հայաստանում, մենք բոլոր գործընթացներին պետք է մասնակցենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների բողոքարկմանը, Արշակյանն ասաց. «Որտեղ, որ մենք կարողացել ենք բողոքարկել, կբողոքարկենք, բայց ո՞ւմ բողոքարկենք, Գագիկ Հարությունյանի՞ն»,- ասաց նա և նշեց, որ անձամբ ինքը մեծ դառնությամբ է ընդունում ընտրությունների արդյունքը` որպես դառը հաբ:

Ազատ Արշակյանը նշեց, որ ամեն ինչ՝ նույնիսկ «0» ձայնն էլ էր իրենց սպասելի: «Քաղաքացիներն ընտրությանը չեն մասնակցել, մասնակցել են ներկայացման: Որպես այդպիսին՝ ընտրություն չի եղել»,-ասաց նա:

«Օհանյան-Րաֆֆի-Հովհաննիսյան» դաշինքի անդամը նշեց, թե կարծում է, որ իրենց ընտրողներն ավելի շատ են, քան գրանցվել է:

«Քաղաքացիները, որոնք դժգոհ են թշվառությունից, ավերված, քայքայված, մաշված կենցաղից, արտագաղթից, շատ են: Մեր կողմնակիցները մեկ միլիոն աղքատներն են, միլիոն արտագաղթածները, նրանք մեր կողմնակիցներն են: Նրանք մեզ ընտրել են, բայց նրանց ձայնը չի հաշվվել»,-ասաց Արշակյանը: