Ես ձգտում եմ կազմակերպել իմ աշխատանքն այնպես, որ բարեփոխիչ ինձ անվանի ոչ միայն նախագահը. Կարեն Կարապետյանն՝ «Իզվեստիային»

15:11 • 03.04.17

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ձգտում է կազմակերպել իր աշխատանքն այնպես, որ բարեփոխիչ իրեն անվանի ոչ միայն նախագահը: 


Թերթի հետ զրույցում ՀՀ վարչապետը պատմել է, թե ինչպես է տեսնում ռուս-հայկական համագործակցության ապագան, ինչ է փոխվել երկրում Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո և ինչու Երևանը չգնաց Եվրամիության հետ ասոցացման, ինչպես նաև՝ խորհրդարանական ընտրությունների մասին: Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչու որոշեց քաղաքականությամբ զբաղվել։


«Քանի որ ինձ վստահել են այդ պաշտոնը, ես կանեմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացող երկիր: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի պաշտոնում իմ նշանակման մասին հրամանագիրը, նա նշեց քաղաքական բարեփոխումների իրականացումը: Ինձ վրա դրվեց երկրում փոփոխությունների պատասխանատվությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Նա նշել է, որ բարեփոխումը նախևառաջ փոփոխություն է դեպի լավը, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա պահանջն է:


«Երբեք չի լինի կառավարման այնքան կատարյալ համակարգ, որը փոփոխությունների կարիք չունենա: Ես ձգտում եմ կազմակերպել իմ աշխատանքն այնպես, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը»,- ասել է ՀՀ վարչապետը։