Լեհաստանի դատախազությունը մեղադրել է ռուս դիսպետչերներին Լեխ Կաչինսկու օդանավի կործանման համար

13:52 • 03.04.17

Լեհաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ռուս դիսպետչերների և «երրորդ անձի» նկատմամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրանք մեղադրվում են 2010թ. Սմոլենսկում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 օդանավի կործանումը միտումնավոր կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկը:


«Արդեն հավաքվել են հետաքննության շրջանակում ձեռք բերված ապացույցները, որոնք հնարավորություն են տվել դատախազներին նոր մեղադրանքներ ձևակերպել ավիադիսպետչերների, ինչպես նաև թռիչքների կառավարման աշտարակում գտնված 3-րդ անձի նկատմամբ՝ մեծ թվով մարդկանց կյանք խլած աղետի միտումնավոր կազմակերպման վերաբերյալ»,-Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոշչենեկը:


Նա հավելել է, որ Լեհաստանը կդիմի Ռուսաստանին՝ ավիադիսպետչերներին հարցաքննելու պահանջով:


Մինչդեռ vz.ru-ն հավելում է, որ փետրվարի սկզբին Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային քրեական դատարանում՝ կործանված օդանավի բեկորները երկրին չհանձնելու համար:


Մարտին հաղորդվել էր, որ Լեհաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Իսպանիայի Քրեական ոստիկանության լաբորատորիային՝ օգնություն խնդրելով օդանավի կործանման դեպքի հետաքննության  շրջանակում: Այժմ իսպանական կողմը պետք է ստուգի բեկորների վրա պայթուցիկ նյութերի առկայությունը:


Հիշեցնենք, որ Վարշավայից դուրս եկած  Տու-154-ը, որում գտնվել են երկրի նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի գերթե ամբողջ բարձրագույն ռազմական հրամանատարությունը, հասարակական ու կրոնական գործիչներ, կործանվել է Սմոլենսկի օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ: Հայտնի է, որ ավիաաղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 96 մարդիկ:


Միջպետական ավիացիոն հանձնաժողովն ավիաաղետի պատճառ է անվանել անձնակազմի սխալը: