Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Հիմնվելով դեռ հնուց Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա՝ անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է ռուս-հայկական հարաբերությունները դուրս բերել դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի:
Դինամիկ զարգանում է քաղաքական երկխոսությունը, համատեղ լայնամասշտաբ նախագծեր են իրականացվում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում: Լավ արդյունք է տալիս մեր երկրների համատեղ մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, ջանքերի համակարգումն արդի սպառնալիքների ու տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների դիմակայմանն ուղղված գործողություններում:
Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին նոր, հեռանկարային ուղղություններ նշմարել համատեղ աշխատանքում: Վստահ եմ, որ երկկողմ հիմքով, ինչպես նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակում ռուս-հայկական համալիր կապերի հետագա ամրապնդումը բխում է մեր ընդհանուր շահերից, նպաստում Անդրկովկասում ու եվրասիական տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Հարգելի՛ Սերժ Ազատի, ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն ու բարգավաճում»:










