Ընտրություններից առաջ Ծաղկալանջի ճանապարհն ասֆալտապատվել է, բայց ոչ Առաքել Մովսիսյանի կողմից, հետ քերելու խնդիր չկա. համայնքի ղեկավար

14:39 • 09.04.17

Ծաղկալանջ համայնքի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է, բայց ոչ Առաքել Մովսիսյանի (Շմայս) կողմից.  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի  ղեկավար Մանվել Մկրտչյանը, ով միաժամանակ նշեց, որ գյուղի ճանապարհն ասֆալտապատվել է ընտրություններից առաջ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանը նախընտրական շրջանում խոստացել էր ճանապարհն ասֆալտապատել, եթե ամբողջ գյուղն իրեն ձայն տար, ինչի համար ԿԸՀ-ի կողմից զգուշացվել էր, որ նախընտրական խոստումներն արգելվում են: Նշենք, նաև, որ Առաքել Մովսիսյանն, այդուհանդերձ, չի ընտրվել որպես պատգամավոր:     

«Թե ով է ասֆալտապատել, դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ էնքան կողից խանգարեցին, որ էտ մարդը չարեց: Մենք բարերար ունենք, Ռուսաստանից է, ինքն ա եկել, մեր գյուղիցա, արել, վերջացրել այդ ամենը»,- ասաց գյուղապետը և շեշտեց, թե բարերար համագյուղացին ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, բայց անունն էլ տալ չի ցանկանում, քանի որ նա ցանկացել է անհայտ մնալ:

Դիտարկմանը, որ եթե թեման չբարձրաձայնվեր, գուցե ոչ ոք էլ չասֆալտապատեր, գյուղապետը նշեց. «Ճիշտը որ ասենք, եթե դուք չանդրադառնայիք, Առաքել Մովսիսյանը կաներ»:

Հարցին, թե Առաքել Մովսիսյանը չընտրվելու հետ կապված արդյոք նեղացած չէ՞ իրենցից, որ «մեկ մարդու նման նրան չընտրեցին», գյուղապետը պատասխանեց. «Ինձանից  որ հաստատ չէ, մյուսներից չգիտեմ»:

Մանվել Մկրտչյանը նշեց, որ, ընդհանրապես, ընտրություններից հետո առիթ չեն ունեցել խոսելու նրա հետ:

Հարցին, թե համայնքը ում է ավելի շատ ձայն տվել, գյուղապետը պատասխանեց.

«Բոլորին էլ գնացել է ձայն, հստակ չենք կարող ասել, ԲՀԿ-ին էլ, ՀՀԿ-ին էլ, «Ելք»-ին էլ, բոլորին էլ գնացել է»:

Չնայած գյուղի ճանապարհը վերանորոգվել է, բայց գյուղապետը վիրավորված է Մովսիսյանի խոստումից հետո առաջացած աղմուկից ու հեգնանքներից, թե քանի որ Մովսիսյանը չի ընտրվել գալու է «փռած ասֆալտը քերի»:

«Հետ քերելու խնդիր չի լինելու, նման խնդիր չկա։ Նախ՝ ասեմ, եթե Առաքել Մովսիսյանն էլ  արած լիներ, ովքեր ավել-պակաս իրանցից դուրս խոսում են, գրում, ինքն էլ արած լիներ, ու չանցներ, նման քայլ թուլ չէր տա, որ քանդեր, դա ընդամենը վատ մարդկանց խոսակցությունն է: Չի կարելի, եթե մարդը կարող է գյուղացու համար, մարդու համար մի լավ բան անել, չի նշանակում, որ սխալ է արել: Բա էսքան ժամանակ ուր էին, թող մեկը գար մի բան աներ, խի էս մարդը եկավ մի բան ուզեց անել, սաղ հիշեցին, որ էտ ըտենց չի հա՞, ճիշտ չի: Կարևորը մենք մաքուր ենք, մենք արդար ենք: Այնպես որ, միշտ էլ բոլորից էլ սպասում եմ, եթե մեկը մեր համար մի լավ բան անի, մալադեց, հալալա իրան»: