Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

16:26 • 09.04.17

Ապրիլի 9-ի առավոտյան գերմանական Ստորին Սաքսոնիա երկրամասի Ֆերդեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է քաղաքապետարանի շենքի մեջ: Միջադեպի հետևանքով տուժածներ և զոհեր չկան: Այս մասին հայտնում է Kreiszeitung-ը:

Նախնական գնահատականների համաձայն` տեղի ունեցածը չի որակվում որպես ահաբեկչական ակտ:

«Մենք բացառում ենք ահաբեկչական ակտի տարբերակը: 47-ամյա տղամարդու գործողությունների դրդապատճառները պարզվում են. նա ձերբակալվել է: Ենթադրաբար, նրա ակցիան ուղղված է ընդդեմ քաղաքային իշխանություններին», - ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը բեռնատարով մտել է քաղաքապետարանի նախասրահ, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է շինության առաջին հարկի մի քանի սենյակներում: Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը մեկուկես ժամ անց:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում կրած վնասը կազմում է մի քանի հարյուր հազար եվրո:

«47-ամյա կասկածյալը միջադեպի վայրում առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը: Նրա գործողությունների դրդապատճառներն, ամենայն հավանականությամբ, անձնական բնույթ են կրում», - հավելել է ոստիկանության ներկայացուցիչը: