Մինսկն ու Մոսկվան պայմանավորվել են Բելառուսին 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին

10:43 • 10.04.17

Բելառուսը Ռուսաստանից մոտ 1 միլիարդ դոլարի վարկային միջոցներ ստանալու հույս ունի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետի տեղակալ Վլադիմիր Սեմաշկոն հեռուստաալիքներից մեկի եթերում, գրում է ТАСС-ը:


«Հանձնարարվել է լրացուցիչ մոտ 1 միլիարդ դոլարի վարկ հատկացնել լավ պայմաններով»,- նշել է փոխվարչապետը՝ խոսելով ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպման արդյունքների մասին:


Սեմաշկոն նաև հայտարարել է, որ ռուսական կողմը կնպաստի այս տարի Բելառուսին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկի երկու տրանշի տրամադրմանը:


«Երրորդ և չորրորդ տրանշը՝ յուրաքանչյուրը 300 միլիոն դոլարով: Ընդհանուր առմամբ, 600 միլիոն դոլար Բելառուսը կստանա շատ շահավետ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքներ, լավ ժամկետներ»,- ասել է Բելառուսի վարչապետի տեղակալը: