Բրիտանացին խորհրդային Տ-54 տանկում 2,5 միլիոն դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ է գտել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայից հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկում ոսկու 5 ձուլակտոր է գտել՝ ընդհանուր 2 միլիոն ֆունտ սթերլինգ (2,5 միլիոն դոլար) արժողությամբ, հայտնում է The Sun-ը:
55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետային աճուրդում՝ 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ ուսումնասիրելիս է եղել իր նոր ձեռքբերումը մեխանիկ Թոդ Չեմբերլենի հետ: Հավաքորդն այնքան է զարմացել, որ ոստիկանություն է կանչել, որը նրանից առգրավել է ոսկին ստորագրության դիմաց:
«Թեկուզև ես հետ չեմ ստանա ոսկին, բայց ինձ մոտ կմնա իմ հիանալի տանկը»,- հայտարարել է բրիտանացին:
Նրա գնած Տ-54 տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին և մասնակցել է 1990-1991 թվականներին Պարսից ծոցում պատերազմին: Այդ ժամանակ այն գրավել են միջազգային կոալիցիայի ուժերը, որոնց թվում է եղել նաև Մեծ Բրիտանիան, և տեղափոխվել Միացյալ Թագավորություն:
Միդի կարծիքով՝ իրաքցի զինվորականները վառելիքի համար նախատեսված հատվածում թաքցրել են Քուվեյթի գանձարաններից հափշտակված ոսկին:














