Հայկական կոնյակի խմբաքանակը չի համապատասխանել «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջներին

12:57 • 12.04.17

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության Տուլայի շրջանային վարչությունն անպիտան է ճանաչել «Քարերի երկիր» հայկական կոնյակի խմբաքանակը: Այդ մասին ասված է ծառայության հաղորդագրությունում:


Ծառայությունը 2017 թվականի առաջին եռամսյակում ստուգել է 164 օբյեկտ, որոնք իրականացնում են ալկոհոլային արտադրանքի շրջանառություն: Ստուգված 164 օբյեկտներից օրենսդրության և ալկոհոլային արտադրանքի շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի խախտումների փաստեր են հայտնաբերվել 155 օբյեկտում:


Հետազոտվել է ալկոհոլային արտադրանքի 35 նմուշ՝ անվտանգության, ֆիզիկա-քիմիական և օրգանոլեպտիկ ցուցանիշներով նորմատիվային պահանջներին համապատասխանության առնչությամբ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ պահանջներին չի համապատասխանել ալկոհոլային արտադրանքի 2 նմուշ, որոնցից մեկը եղել է հայկական «Քարերի երկիր» կոնյակը:


«Հայաստանի Հանրապետության «Արարատի գինու գործարան» ընկերության «Քարերի երկիր» հայկական կոնյակ №5» կոնյակը չի համապատասխանել նորմատիվային փաստաթղթերի պահանջներին՝ ֆիզիկա-քիմիական և օրգանոլեպտիկ ցուցանիշների հետազոտության արդյունքներով»,- ասված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրությունում:


Ալկոհոլային արտադրանքի բոլոր խմբաքանակները, որոնց նմուշները լաբորատոր հետազոտությունների արդյունքներով չեն համապատասխանել նորմատիվային փաստաթղթերին, օգտագործման համար ոչ պիտանի են ճանաչվել: