ԱԺ ընտրություններին տալու ենք արդար գնահատական. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար

15:36 • 12.04.17

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, բայց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանում, հետևում հետընտրական զարգացումներին, խմբագրում ընտրությունների մասին հրապարակվելիք զեկույցը: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը:  

«Հիմա մենք գիտենք ավելին, քան ընտրությունների ժամանակ, բայց դեռ շատ վաղ է ընդհանրացնելը, թե ինչ ենք մենք տեսել. մեր վերլուծաբաններն աշխատում են զեկույցի նյութի վրա: Վերջնական զեկույցը կլինի շուտով»,- ասաց Յան Պետերսոնը՝ հավելելով, որ այն նախնական զեկույցից այնքան էլ չի տարբերվի։

Հարցին, թե նախնական զեկույցում նշել են, որ ապրիլի 2-ի ընտրությունները «լավ կազմակերպված» են եղել, բայց արձանագրել են նաև ձայների ուղղորդման, ընտրողների վրա ճնշումների և այլ խախտումների մասին, արդյոք դրանք չե՞ն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, Յան Պետերսոնը պատասխանեց, թե իրենց խնդիրն է գնահատել ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ուստի զեկույցը պարունակելու է հարցերի պատասխանները, թե ինչն է լավ ու ինչն այնքան էլ լավ չէ:

«Մենք գնահատում ենք համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են ԵԱՀԿ անդամները, այդ թվում՝ Հայաստանը»,-ասաց Յան Պետերսոնը:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերին, Պետերսոնը պատասխանեց, որ իրենց վերջնական զեկույցում բոլոր էլեմենտների մասին արձագանք տալու են:

«Տալու ենք ընտրություններին արդար գնահատական»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դպրոցի ուսուցիչների հետ կապված աղմկահարույց միջադեպին, երբ նրանք աշխատում էին ՀՀԿ օգտին, ապա դիտորդական առաքելության ղեկավարն ասաց, որ «այո, լսել ենք դրա մասին, բայց ժամանակ է պետք գնահատական տալու համար, որովհետև իրադարձությունները դեռ զարգանում են»:

Յան Պետերսոնն ասաց, թե ընտրություններում կլինեն հաղթողներ ու պարտվողներ, իսկ իրենք այստեղ են գնահատելու՝ արդյոք ընտրություններն անցե՞լ են ԵԱՀԿ չափանիշներով, որոնք երկրներն ընդունել են։  

«Ընտրողների կողմից կա վստահության պակաս ընտրական գործընթացի հանդեպ, և կարևոր է, որ հարցը լինի մեր ուշադրության կենտրոնում: Որոշ ընտրական գործընթացներ իրականում շատ լավ ընթացան, բայց ավելին կա անելու դեռ: Ընտրությունների քաղաքական հետևանքները մեր զեկույցի մաս չեն լինի»,-հավելեց նա:

Պետերսոնն ասաց, թե ընտրական գործընթացի հանդեպ վստահություն ստեղծելու հարցում կարևոր է եղել տեխնիկական սարքավորումներ ներդրումը, բայց դրանք ինքնին բավարար չեն:

Նա նշեց, թե իրենց առաքելությունը ընտրությունները վավերացնել կամ չվավերացնելը չէ: