Պուտինն ԱՄՆ դաշնակիցներին նմանեցրել է չինական խաղալիքների հետ, որոնք անընդհատ գլուխը թափահարում են՝ ի նշան համաձայնության
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Միացյալ Նահանգների դաշնակիցներին սիրիական ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարվածին սատարելու համար: Այդ մասին նա հայտարարել է «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
«Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի դաշնակիցները: Բոլորը համաձայնում են՝ ինչպես չինական խաղալիքները, չվերլուծելով այն, ինչ տեղի է ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Չկան: Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ է»,- հայտարարել է Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ հրթիռային հարվածը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չեն բերվել: Սակայն միջազգային իրավունքի խախտումն ակնհայտ է, քանի որ ինքնիշխան երկրի ուղղությամբ հարվածը հասցվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության:










