Սիրում և հարգում ենք նրան՝ որպես մեր Ժաննա դը Արկ. Զարուհի Փոստանջյանի հարևանները համոզված են, որ նա լավ քաղաքապետ կլինի (տեսանյութ)

21:17 • 03.05.17

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հարևանները համոզված են, որ նա լավ քաղաքապետ կլինի: Հարևաններից մեկը Փոստանջյանին անգամ այսպես նկարագրեց. «Սիրում և հարգում ենք նրան որպես մեր Ժաննա դը Արկ՝ ազատամիտ, պայծառ»:

«Որպես հարևան նա շատ կամեցող, պատրաստակամ և պայծառ անձնավորություն է: Սիրալիր է բոլորի հետ, նույնիսկ շտապելու ժամանակ կանգնում է, բարևում է, զրուցում է: Մի չքնաղ կերպար է»,- հայտնեց հարևաններից մեկը:

Չնայած Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած լավ խոսքերին, նա նաև նշեց, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում է իր ձայնը տալու. «Չեմ կարող ասել՝ ձայնս ում եմ տալու, որովհետև Նիկոլ Փաշինյանին էլ եմ հարգում»:

Փոստանջյանի անմիջական հարևանն էլ ասաց, որ նա հիանալի, հարևանության համար օրինակելի ընտանիք ունի:

«Ես Զարուհուն արդեն 20 տարի է ճանաչում եմ: Նա շատ լավ իրավաբան է և շատ լավ քաղաքական գործիչ: Ես դա վստահորեն եմ ասում, որովհետև նա շատ որակներ ունի, որի մասին շատերը չգիտեն: Լավ չեն պատկերացնում, թե նա ինչի է ընդունակ: Այդ առումով էլ վստահ եմ, որ նա շատ լավ քաղաքապետ կլինի»,- նշեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: