Ի վիճակի չեմ լսել ամուսնուս սպանության գործն ու նայել ամբաստանյալների դեմքերին. հայտնի լեզվաբանը դիմել է դատավորին
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ու տուժող Սանասար Բադալյանը: Դատավարության կողմերը առարկություն չհայտնեցին առանց նրանց ներկայության դատական նիստը շարունակելու համար:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի գրությունը, համաձայն որի՝ Մեյթիխանյանը խնդրում էր Ինեսսա Պետրոսյանին ներգրավվել նաև որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ. «Ամուսինս տուժող է, իսկ ես ճանաչվել եմ տուժողի իրավահաջորդ: Ապրիլի 21-ի դատական նիստի ընթացքում,երբ դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսել անմարդկային գործողությունների հետևանքով իմ ամուսնու սպանության գործը և միաժամանակ նայել այդ ամբաստանյալների դեմքերին: Ուստի խնդրում եմ որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավել Ինեսսա Պետրոսյանին»,-ասվում էր Մեյթիխանյանի գրության մեջ:
Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ քանի որ դատական նիստերին ընթերցվում է մեղադրական եզրակացությունները, այդ պատճառով էլ Մեյթիխանյանը չի ներկայացել դատական նիստին,իսկ հաջորդ դատական նիստերին կներկայանա ըստ անհրաժեշտության:
Ինեսսա Պետրոսյանը ներգրավվեց որպես Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ:
Նշենք, որ ապրիլի 21-ի դատական նիստի ընթացքում, երբ մեղադրող դատախազն ընթերցում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, Փառանձեմ Մեյթիխանյանը ջրի շիշը նետել էր ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:










